Արթուր Գրիգորյանի դուստրը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ԿԳՄՍՆ

Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կառույցի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը, «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանում ասվում է.

«Մանե Գրիգորյանին 2022 թվականի մարտի 14-ից նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի  երգի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն ու նշանակումը»:

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պարտականությունները 2019 թվականից կատարում էր Արմեն Սարգսյանը: Նա «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում մարտի 14-ն գրել էր իր պաշտոնավարման դադարեցման մասին:

«Շուրջ 3 տարի ղեկավարեցի Հայաստանի պետական մշակութային կառույցներից մեկը՝ Երգի թատրոնը: Հաղթահարելով Կովիդի և 44-օրյա պատերազմի ծանրագույն տարին, այնուամենայնիվ եղան նաև մի շարք ձեռքբերումներ, կատարվեցին բազմաթիվ բարեփոխումներ, որոնք արդեն իրականություն են և տեսանելի: Արածներիս և չարածներիս մասին կխոսի ժամանակը, իսկ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ աշխատակազմին՝ կողքիս լինելու, պրոֆեսիոնալ աշխատանքի և նվիրվածության համար:

Շնորհակալ եմ նաև ԿԳՄՍ նախարարությանը՝ հանձինս նախարարի և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, ով ցանկացած խնդրի դեպքում պատրաստակամ է եղել աջակցել և հենց նրա շնորհիվ այս տարի թատրոնի դահլիճը համալրված կլինի գերհզոր լուսաձայնային տեխնիկայով:

Շնորհակալ եմ նաև թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, մաեստրո Արթուր Գրիգորյանին, ով մշտապես եղել է կողքիս, ընկերություն արել և իր անբացատրելի էներգետիկայով վարակել ինձ: Ցավոք, Գրիգորիչի հեռանալով, մի շարք նախագծեր ու մտքեր մնացին կիսատ. բայց, ինչպես ինքն էր միշտ սիրում ասել՝ «Ամեն ինչ ժամանակավոր է ու անցողիկ, ընտանիքիդ շատ ժամանակ հատկացրու»:

Ցանկանում եմ բարի ընթացք և մեծ հաջողություններ մաղթել նոր տնօրենին՝ այդ դժվար և պատասխանատու պաշտոնում և իմ պատրաստակամությունն եմ հայտնում հետագայում էլ աջակցել ուժերիս ներածին չափով:

Մի փոքր հանգստանամ, որովհետև առջևում նոր նախագծեր են ու նոր փորձություններ: Բոլորիդ մաղթում եմ լավ օր, կհանդիպենք»,-եզրափակել էր Արմեն Սարգսյանը:

--00--ՄՀ