Իմ անձնական ջանքն օգնել է կարևոր օրենք ունենալ մեր երկրում, որն արդեն ուժի մեջ է. Ա. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

արսեն

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, անդրադառնալով հակածխախոտային օրենսդրության՝ ուժի մեջ մտած դրույթներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վաղուց իմ անձնական էջում գրառում չեմ արել. հատուկ եմ այս էջում գրում, քանի որ գրածս շատ անձնական է:

Չնայած մեր երկրի սահմաններին և համաշխարհային թատերաբեմում եղած անվտանգային լրջագույն մարտահրավերներին, այս օրն ինձ համար շատ կարևոր անձնական նշանակություն ունի:

Այսօր ես արձանագրում եմ մի շատ կոնկրետ արդյունք ինձ համար շատ կարևոր մի հարցում, որն ունի նաև հանրային լուրջ կարևորություն: Այսօր ես արձանագրում եմ, որ աշխատում է Մահաթմա Գանդիի արտահայտություններից մեկը. «Եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում» (Be the change you want to see in the world):

Սկսած իմ գիտակից տարիքից պայքարել եմ ծխելու դեմ անձնական մակարդակով: Այնուհետև հանրային դերիս բարձրացմանը զուգընթաց պայքարի մասշտաբը հնարավորինս լայնացրել եմ` նախապես որևէ հույս անգամ չունենալով, որ ինչ-որ մի օր անձամբ կկարողանամ իրական և շոշափելի մասնակցություն ունենալ հակածխախոտային օրենսդրություն մշակելու և ընդունելու գործում: Անկախ տվյալ պահին ունեցած իմ ազդեցության գոտուց, ինձ չեմ համարել անզոր և շարունակել եմ ջանքերս:

Այսօր ես ներքին հանգստություն կամ բավարարվածություն եմ զգում, քանի որ իմ անձնական ջանքը օգնել է նման կարևոր օրենք ունենալ մեր երկրում, որի հիմնական դրույթներն արդեն ուժի մեջ են:

Ուզում եմ անձնական շնորհակալություն հայտնել հակածխախոտային նոր օրենսդրության ներդրման բոլոր աջակիցներին և ներողամտությունս հայտնել բոլոր խանգարողներին:

Հ.Գ. այս գրառումը ծխելու վնասների մասին չէ, հետևաբար խնդրում եմ դրա շուրջ բանավեճ չծավալել»,-գրել է Արսեն Թորոսյանը:

--00—ՀԶ