Չինաստանի դեսպանն Ազգային արխիվում ծանոթացել է հայ-չինական հարաբերություններին առնչվող փաստաթղթերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

նկար

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանն այսօր՝ մարտի 15-ին, հյուրընկալել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։

Ողջունելով հյուրին՝ Գ. Արշակյանը կարևորել է հայ-չինական համագործակցությունը, Հայաստանի ազգային արխիվի և Չինաստանի արխիվների ծառայության միջև աշխատանքների  հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունը։

Հայ-չինական արխիվային համագործակցության հարթակում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել։ Չինաստանի արխիվների պատվիրակությունը մասնակցել է Երևանում կայացած Եվրազիկայի (Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանային բաժանմունք) նիստին՝ 2017 թ․։ Չինական կողմի հետ վերջին հանդիպումը կայացել է 2019 թ.-ին, Լեհաստանում՝ կրկին Եվրազիկայի շրջանակներում։ 

Հայաստանի ազգային արխիվի տնօրենը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է Չինաստանի հետ համագործակցության խորացմամբ և առաջարկել՝ պարբերաբար չինացի գործընկեր-մասնագետների կողմից անցկացնել արխիվային փաստաթղթերի վերականգնման-կազմապատման և նոր տեխնոլոգիաների կիրառման վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև՝ կազմակերպել արխիվային նյութերի համատեղ ցուցադրություն՝ նվիրված հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին (1992թ. ապրիլի 6):

Անդրադարձ է եղել 2023 թ․ սեպտեմբերին կայանալիք՝ Հայաստանի ազգային արխիվի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ արխիվային ոլորտի ղեկավարների և փորձագետների միջազգային կոնֆերանսին։ Գ․ Արշակյանը դեսպանին տեղեկացրել է, որ չինացի գործընկերները  ևս կհրավիրվեն միջոցառմումներին, իսկ պաշտոնական հրավերը դեսպանության միջոցով կփոխանցվի տարեվերջին ։

Ներկայացնելով Հայաստանի ազգային արխիվի վերջին տարիների ձեռքբերումներն ու խնդիրները՝ Գ․Արշակյանն առաջարկել է քննարկել Չինաստանի արխիվային փորձին ծանոթանալու համար արխիվագետների կրթական-ճանաչողական այցերի կազմակերպման հարցը։

ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգն  իր հերթին ընդգծել է, որ հայ-չինական հարաբերություններն ունեն ավելի քան 2000 տարվա պատմություն՝ մասնավորապես խոսելով  Մետաքսի ճանապարհի մասին, որով երկու հնագույն ժողովուրդները կապվել և համագործակցել են միմյանց հետ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել կազմակերպել հայ-չինական հարաբերություններին նվիրված համատեղ ցուցադրություն։ Չինական կողմը ողջունել է Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումն ու մասնակցության հրավերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև անցկացնել փորձի փոխանակում։

Հանդիպման ավարտին շրջայց է կատարվել Հայաստանի ազգային արխիվում որտեղ ներկայացվել են հայ-չինական հարաբերություններին նվիրված փաստաթղթերը։

նկար

--00—ԼՄ