ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 15, 24News
 

․

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը մարտի 15-ին ընդունել է  Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպանատան պաշտպանության ոլորտում համագործակցության  հարցերով պատասխանատու Անդրանիկ Իսրայելյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նախարար Փիլոյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-բրիտանական համագործակցությանը:

«Բարձր գնահատելով հանատեղ իրականացված ուսումնական ծրագրերը՝ Ա. Փիլոյանը մասնավորապես նշել է Բրիտանական խորհրդի հետ համատեղ 2014թ. մինչ օրս ՀՀ ԱԻՆ INSARAG չափանիշներին համապատասխան հիմնական և պահեստային թիմերի և ԱԻՆ աշխատակիցների համար իրականացվող անգլերեն լեզվի  ուսուցման դասընթացների արդյունավետությունը: Հաջողված փորձից ելնելով նախարարն առաջարկել է ընդլայնել անգլերենի ուսուցման  ծրագրի շրջանակը:

2020-2022թթ. Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտային կայունության և անվտանգության հիմնադրամ»-ի (UK CSSF) ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), «Աղետների  ռիսկի  նվազեցման  ազգային  պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի և Արտակարգ իրավիժակների նախարարության հետ համատեղ, «Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» ծրագրի շրջանակներում 55 հանրակրթական դպրոցների համար մշակվել են աղետների ռիսկի կառավարման պլաններ։ 55 հանրակրթական դպրոցներից 29-ում անցկացվել են աղետների ռիսկի կառավարման տարաբնույթ թեմաներով դասընթացներ: Նախարարի խոսքով՝ հաջորդ փուլում նախատեսվում է վերոնշյալ դպրոցներում անցկացնել  ուսումնավարժություններ՝ երկրաշարժի և հրդեհի սցենարներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Անդրանիկ Փիլոյանն առաջարկել է  դիտարկել նաև ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» և Բրիտանական երկրաբանական ծառայության միջև համագործակցության ծավալման և համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունը:

Նշվում է, որ դեսպան Ջոն Գալագերին իր հերթին երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել՝ քննարկման դնել ոչ միայն գործող ծրագրերի շարունակականության, այլև համագործակցության նոր ուղղությունների  հնարավորությունները:

--00--ԱՀ