Նորշենը թշնամու ուղիղ նշանառության տակ շարունակում է ապրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

34

Առկա խնդիրներն այնքան չեն մտահոգում գյուղի բնակիչներին, որքան անվտանգության ապահովման հարցը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին ասել է Նորշեն համայնքի ղեկավարը:

«Քանի օր է` ամբողջ հանրապետությունում դադարեցված է գազիֆիկացումը, էլեկտրականությունը ևս շատ հաճախ է անջատվում, բայց կենցաղային այս խնդիրներն այնքան էլ էական չեն, քանի որ անվտանգության ապահովումը դարձել է գերխնդիր: Հակառակորդի դիրքը տեղակայված է գյուղից 1 կմ հեռավորության վրա և այնտեղից վերահսկում է գյուղը: Դպրոցը գտնվում է նրանց նշանառության տակ, և այդ պայմաններում դպրոցի ուսուցչական ողջ կոլեկտիվը և բոլոր աշակերտները բնականոն հունով անցկացնում են դասապրոցեսը: Խնդրի մասին տեղյակ են և' շրջվարչակազմի ղեկավարը, և' պատկան մարմինները. պետք է հարցին անհապաղ լուծում տրվի»,-ասել է Գ. Հարությունյանը:

33

Մեր զրուցակիցը հավաստիացրել է, որ գյուղում խուճապային տրամադրություններ չկան:
«Բնակիչները շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով: Նրանց զբաղվածության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է: Պատերազմից հետո գյուղատնտեսական աշխատանքները տուժել են. 1.5 հա նռան այգի և 15 հա վարելահող է անցել թշնամու տիրապետության տակ: Արդեն ժամանակն է, որ պարարտանյութ տրվի արտերին, սակայն թշնամու տեղակայված դիրքերի պատճառով գյուղատնտեսական աշխատանքները իրենց բնականոն հունով չեն ընթանում»,-նշել է նա:

37

Գ. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ ԱՀ Կառավարության միջոցներով այս պահի դրությամբ ջրային ներքին ցանցը փոխվում է, քանի օր խմելու ջրի խնդիր կա գյուղում, մանավանդ` ամառային շրջանում:

Բացի ներքին ցանցի փոխելուց, պետք է նաև արտեզյան նոր ջրհոր փորվի. ջրի պաշարները քիչ են: 
Համայնքի բնակիչ Ալիք Պողոսյանը ևս մեզ հետ զրույցում փաստեց՝ հակառակորդը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքին:

35

«Նրանց դիրքերից արձակվող մեկ կրակոցից անգամ գյուղի կանայք և երեխաները անհանգստանում են: Խուճապային տրամադրություններին չենք տրվում, բայց կարելի է առանց այդ կրակոցների էլ ապրել, իսկ դրա լուծումներից մեկը թշնամու դիրքն իր տեղակայման վայրից հեռացնելն է:

Գազիաֆիկացման դադարեցումն էլ իր հերթին է անհարմարություններ պատճառել բնակչությանը»,-ասել է Ա. Պողոսյանը:

--00—ՀԶ