Մահացած զինծառայողը միակողմանի ծնողազուրկ էր, մինչ ծառայությունը հողագործությամբ էր զբաղվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

հասարակական

Զոհված ժամկետային զինծառայող Ալբերտ Սիրոյանը Արտաշատ համայնքի Վարդաշեն բնակավայրից էր, մինչ ծառայությունը զբաղվում էր հողագործությամբ։ Այս մասին 24News-ին ասաց բնակավայրի նախկին ղեկավար Գևորգ Բարխոյանը։

Ըստ նրա՝ Սիրոյանն անապահով ընտանիքից էր, մոր հետ էր ապրում, հայրը մահացել էր, քույրն էլ ամուսնացել և տեղափոխվել է։

24News-ի տեղեկություններով մայրը որդու ծառայության ընթացքում նույնպես հողագործությամբ էր զբաղվում, քանի որ ընտանիքի ապրուստի միջոցը սա է։ «Ուրիշ աշխատանքով մայրը չի զբաղվում, գյուղում հիմնականում բնակիչները հողագործությամբ են զբաղվում», - ասաց 24News-ի աղբյուրը։

Այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

--00--ԿԿ