Ներքին Հանդում, ուր թշնամին առաջ էր եկել, խուճապ չկա, ՊՆ-ն զբաղվում է. համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

հասարակական

Երեկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Սյունիքի մարզի՝ ադրբեջանական նշանառման տակ հայտնված Ներքին Հանդ գյուղ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

«Իրավիճակը նորմալ է, ՊՆ-ն զբաղվում է։ Պաշտպանության նախարարությունից էին եկել, չգիտեմ՝ ինչ որոշեցին, տենց էլի, բայց զբաղվում են», ասաց նա։ 

Մարտի 15-ին Խաչատուր Բաղդասարայանը 24News-ի հետ զրույցում ասել էր, որ ադրեբեջանական զինուժը Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ մարտի 3-ից 4-ը մոտ 900 մետր առաջ է անտառներով եկել ու վրաններ տեղադրել ու դիրքավորվել բնակավայրի վարչական տարածքում։ Բնակավայրի ղեկավարն ասել էր, որ ադրբեջանական վրանները գյուղից մոտ 2 կիլոմետր են հեռու․ «Հնարավոր չէր տեսնել ադրբեջանցիների առաջանալը, որովհետև անտառների միջով են եկել, այնպես չէ, որ բաց տարածքով են իջել։ Հենց անտառում էլ վրանները խփված են։  Այդտեղից գյուղի արոտավայրերը, գերեզմանոցը, խմելու ջրի ակունքներն են դիտարկվում։ Մարդիկ կային, որ ուզում էին այդ տարածքներում այգի հիմնել, մարդ էլ կա, որ տնամերջձ ուներ, 15-20 տարի դրանով էր ընտանիք պահում, այսօր ռիսկի չի դիմում մոտիկանալ այդ տարածքին», - նշել էր նա։ 

Ներքին Հանդի գյուղապետը 24News-ին ասաց, որ իրավիճակը նորմալ է, ադրբեջանական կողմը որևէ սադրանքի չի դիմել։ «ՊՆ-ն զբաղվում է։ Պաշտպանության նախարարությունից էին եկել, չգիտեմ՝ ինչ որոշեցին, բայց զբաղվում են։ Չգիտեմ՝ ադրբեջանցիները ինժեներական աշխատանքներ իրականացնո՞ւմ են, թե՞ ոչ, տեսանելի չէ գյուղից։ Խուճապ չկա բնակչության շրջանում», - նշեց նա։

24News-ն այս թեմայով փորձեց նաև մեկնաբանություն ստանալ պաշտպանության նախարարությունից, սակայն զանգերը մնացին անպատասխան։ Պապիկյանի այցելության վերաբերյալ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել այսօր առավոտյան՝ նշելով, որ նա աշխատանքային այցի ընթացքում եղել է նաև Ներքին Հանդ համայնքին հարակից սահամանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է տվյալ հատվածում առկա իրավիճակը:

Մարտի 15-ին, երբ արդեն մամուլում տեղեկություններ տարածվեցին Ներքին Հանդի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ, ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն տարածեց՝ հերքելով ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը։ «Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք կահավորված չլինելու պատճառով ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող։ Ինչպես սահմանի այդ, այնպես էլ մնացած բոլոր հատվածներում ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները, այդ թվում նաև մշտադիտարկում ադրբեջանական ԶՈւ ցանկացած շարժ և վերահսկողության տակ պահում իրադրությունը», - հայտարարել էր պաշտպանության նախարարությունը: Ներքին Հանդի գյուղապետը կարճ արձագանքեց ՊՆ-ի այս հերքմանը․ «Դե հիմի»։

--00--ԿԿ