«Համայնքների միության» հետ նախարարության համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

սանոսյան

  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Հայաստանի համայնքների միության արտահերթ ընդհանուր ժողովին։

Նախարարը նախ ողջունել է միջոցառման մասնակիցներին, ապա շնորհավորել նորընտիր համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Նախարարն ընդգծել է, որ «Հայաստանի համայնքների միավորումը» տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել համայնքերի համախմբման, ընդհանուր խնդիրների քննարկման և դրանց կարգավորման, հետագա անելիքների մշակման, ներկայացվող օրենսդրական նախաձեռնությունների քննարկման, օրենսդրական նոր առաջարկների մշակման և ներկայացման, տարատեսակ համայնքային ծրարգրերին մասնակցության ապահովման, ՀՀ համայնքները միջազգային կառույցներում պատշաճ կերպով ներկայացման ուղղություններով։

«Այդ առումով իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել «Հայաստանի համայնքների միությանը», միության անդամներին, հատկապես միության նախագահ Էմին Երիցյանին՝ տեղական ինքնակառավարման ինստիտուտի ձևավորումից ի վեր կատարված շնորհակալ աշխատանքի, Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում, ինչպես նաև Եվրոպական միության Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովում (CORLEAP) Հայաստանի պատվիրակությունների ղեկավարի պաշտոններում իրականացրած գործունեության համար»,-ասել է նախարարը։

Սանոսյանը նկատել է, որ Համայնքների միության հետ նախարարության համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ՝ ի շահ տեղական ժողովրդավարության ամրապնդման և բնակիչների բարեկեցության: «Ակնկալում ենք հետայսու ևս ունենալ կոնստրուկտիվ երկխոսություն՝ համայնքներում առաջացող խնդիրների կարգավորման, տեղական ինքնակառավարման բնագավառի օրենսդրության բարելավման, Հայաստանի համայնքները միջազգային հարթակներում ներկայացնելու հարցերում: Մեր հետագա համագործակցության թիրախներ կարող են հանդիսանալ լիազորությունների ապակենտրոնացմանը, միջհամայնքային միավորումների ձևավորմանը և ընտրական գործընթացների բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքները»,-ընդգծել է ՏԿԵ նախարարը։

--00—ՄՀ