Համատեղ ջանքերի շնորհիվ նոր որակ կհաղորդվի հայ-իրանական բազմատարր հարաբերություններին․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ:

Ուղերձում նշված է․

«Ձերդ Գերազանցություն,

Ամենայն ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին բնության զարթոնքի և ծաղկման տոնի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ նոր տարին հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության համար նշանավորվի անխախտ խաղաղությամբ և նորանոր ձեռքբերումներով։

Բազմադարյա պատմություն ունեցող հայ-իրանական հարաբերությունները, խարսխված միջմշակութային ամուր և փոխադարձ հարգանքի վրա, շարունակում են իրենց անխաթար զարգացման ուղին։

Վստահ եմ, որ համատեղ անխոնջ ջանքերի շնորհիվ նոր որակ կհաղորդվի հայ-իրանական բազմատարր օրակարգ ունեցող հարաբերություններին՝ կենսագործելով իրականացման փուլում գտնվող և օրակարգային նորանոր ծրագրեր՝ ի նպաստ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և արևշատություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և հարատև խաղաղություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։