Չարդարացված ծայրահեղություն․ մշակույթի նախարարությունը կոչ է արել դադարեցնել հացադուլը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Thumbnail

ՀՀ մշակույթի նախարարությունը հորդորել է կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս փրոդաքշն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հովհաննես Գալստյանին դադարեցնել վերսկսած հացադուլը:

Այդ մասին նշված է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական էջում տարածված հայտարարության մեջ:

«Հացադուլի դիմում են այն մարդիկ, որոնք իրենց իրավունքները պաշտպանելու որևէ այլ միջոց այլևս չունեն և որոնց ներկայացրած պահանջներն անվերապահորեն արդարացի են: 

Մինչդեռ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման գործընթացում վիճելի խնդիրներ կան և՛ նախարարության, և՛ կինոկենտրոնի համար: Այդ խնդիրները պարզաբանելու համար ու դրանց լուծման նպատակով հարուցվել է դատական գործ՝ «Պարալլելս փրոդաքշն» ընկերության և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի միջև, և դատարանը կպարզի որևէ կողմի իրավացիությունը: Նախարարությունը պաշտոնական նամակ է ուղղել «Պարալլելս փրոդաքշն» ընկերության միջազգային գործընկերներին` խնդրելով նրանց հետաձգել «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ համատեղ պարտավորությունների կատարման ժամկետները մինչև դատական գործընթացի ավարտը, ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք պարոն Գալստյանին դադարեցնել հացադուլը, քանզի այս համատեքստում իր գործողությունը որակելի է որպես չարդարացված ծայրահեղություն», - նշված է հայտարարությունում: