Հայերի ոսկիները գտնելու համար Արևմտյան Հայաստանում պեղումներ են անում․ Կարո Փայլան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Thumbnail

Օրերս Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում գանձագողության մեղադրանքով 8 մարդ էր ձերբակալվել, 4-ը՝ բարձրաստիճան ոստիկաններ: Հարցաքննության ընթացքում պարզ էր դարձել, որ ոստիկանները Սիլվանում պեղումներ են սկսել հայկական գանձեր գտնելու նպատակով:

«Էվրենսել» պարբերականը տեղեկացնում է, որ Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում անդրադարձել է Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական ոսկիներ գտնելու նպատակով անօրինական պեղումներին։

Փայլանը հարցում է ուղարկել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ հետաքրքրվելով իրավապահ համակարգի աշխատակիցների մասնակցությամբ գանձագողության դեպքերի հաճախակիության, դրանց հանդեպ պետության վերաբերմունքի և ձեռնարկած հստակ քայլերի մասին:

Փայլանը նաև պահանջել է ճշտել՝ արդյոք հավաստի՞ է այն տեղեկությունը, ըստ որոնց՝ Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում ռազմական գործողությունների ժամանակ զինվորականները թաղամասը շրջափակման մեջ պահելու ընթացքում նույնպես պեղումներ են իրականացրել հայերից մնացած ոսկիները գտնելու համար: