Փաշինյանը «խոսուն» է որակել հայտարարությունը, թե Արցախի գազամատակարարումը Ադրբեջանի ներքին գործն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

նկար

ՀՀ կառավարության հերթական նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «խիստ խորհրդանշական և խոսուն» է համարել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ նախորդ օրը տարածած հայտարարությունը, որում ասվում էր, թե Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է: 

«Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք այս հայտարարությունը, կնշանակի՝ միջազգայի՛ն հանրություն, դուք այսկողմ մի՛ նայեք և թո՛ւյլ տվեք մենք անարգել, միջազգային հանրության համար աննկատ կամ էլ «հակաահաբեկչական գործողությունների» անվան ներքո ավարտին հասցնենք Արցախը էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության միջոցով հայերից ազատելու քաղաքականությունը:

Նման բան տեղի ունենալ չի կարող, և Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, մյուս պաշտոնյաները, քաղաքական ուժերը, լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, անհատները՝ սոցիալական ցանցերի միջոցով վերջին 15 օրվա ընթացքում Արցախում տեղի ունեցածը պետք է ամենայն մանրամասնությամբ և լայնորեն ներկայացնեն միջազգային հանրությանը, բոլոր ատյաններում»: 

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ շատերն այս իրադրությանը արձագանքում են՝ հիշեցնելով և քննադատելով մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր որդեգրած քաղաքականությունը: 

«Բայց ուզում եմ աներկբա արձանագրել, որ մեր որդեգրած այդ քաղաքականությունը այլընտրանք չունի:

Ընդհակառակը, իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը, տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Բայց մենք չպետք է տրվենք այդ և այդօրինակ սադրանքներին: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, և մենք որևէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք:

Ռազմավարությունը հենց դրանով է ռազմավարություն, որ մեզ պետք է առաջնորդի բոլոր իրավիճակներում»,-ասել է նա: 

--00—ԼՄ