Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը հնարավոր է անցկացվի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

․

Ծանրամարտի Եվրոպայի հաջորդ տարվա առաջնությունը Հայաստանում անցկացնելու հարցը քննարկելու և պայմաններին ծանոթանալու նպատակով մեր երկիր են այցելել մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչը, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Նրանց ընդունել է փոխնախարար Կարեն Գիլոյանը, որի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել կառույցի վիճակին ու հնարավորություններին, քննարկել առաջնության կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Կարեն Գիլոյանը հյուրերին վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է ամենաբարձր մակարդակով անցկացնել Եվրոպայի առաջնությունը։«Պարոն Միխայլովիչի հետ նախնական պայմանավորվածություն էինք ձեռք բերել դեռ Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության ժամանակ: Հյուրերը շատ տպավորված են տեսածից: Նշել են, որ ցանկանում են միանգամայն այլ որակ ստանալ նորարարությունների շնորհիվ։ Վստահ եմ՝ կհամաձայնեն մեր առաջարկներին, ու հաջորդ տարի շատ լավ առաջնություն կանցկացնենք: Նախատեսվում է ավելի քան 40 երկրի ներկայացուցիչների մասնակցություն: Շատ լավ պայքար կլինի: Մնում է՝ մենք էլ շատ լավ պատրաստվենք, որ Եվրոպայի չեմպիոններ ունենանք»,- նշել է փոխնախարարը։

Եվրոպայի առաջնությունը լինելու է 2024 թվականի Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար։

--00--ԱՀ