ԱՄՆ Պետդեպը մտահոգություն է հայտնել Արցախում ադրբեջանական զորքերի տեղաշարժի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

պետդեպ

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Արցախում ադրբեջանական զորքերի տեղաշարժի և գազամատակարարման անջատման կապակցությամբ։ Այս մասին ասվում է  ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Բյուրոն թվիթերյան էջում արված գրառումում։ 

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապը իրավիճակի անմիջապես ապաէսկալացիայի համար», - ասված է հաղորդագրությունում։ 

Հիշեցնենք, որ հինգշաբթի 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Արցախի Ասկերանի շրջանի Փանուխ գյուղ, որտեղից արդեն էվակուացվել էր տեղի բնակչությունը։ Մինչ այս պահը, չնայած ռուսական խաղաղապահների հետ ընթացող բանակցությունների, թշնամական զինուժը դուրս չի եկել գյուղի տարածքից և չի վերադարձել ելման դիրք։ 
Արցախում տիրող իրավիճակը հինգշաբթի ուշ երեկոյան քննարկել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն։ Պապիկյանն իր ռուսաստանցի գործընկերոջ հետ զրույցում Արցախում տիրող իրավիճակը պայթյունավտանգ է որակել ու շեշտել ադրբեջանցիների ելման դիրք վերադառնալու անհրաժեշտությունը։ 

Բացի այդ, ադրբեջանական ուղիղ միջամտության հետևանքով, չնայած ծանր եղանակային պայմաններին, կտրվել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։ Ադրբեջանցիները օկուպացված Շուշիի շրջանով անցնող գազամուղի վրա փական են տեղադրել։

--00--ԱՀ