Թունավորում՝ շմոլից․ պարեկները Opel-ում նկատել են անգիտակից տղամարդու, կոտրել ապակին և փրկել նրան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

նկար

Մարտի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմանում պարեկները Արաբկիր վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նույն վաշտի 2 ավագ պարեկներին տեղեկացնում են, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վարչական տարածքում կայանված և շարժիչը միացված Opel մակնիշի ավտոմեքենայի հետնամասում տղամարդ կա պառկած, և ունեն կասկածներ, որ ինչ-որ բան այն չէ, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ պարեկները մի քանի անգամ ծեծում են մեքենայի պատուհանները, որպեսզի վարորդն արթնանա, սակայն տեսնելով, որ նա չի արձագանքում, տեղում ճիշտ որոշում են կայացնում. կոտրում են ավտոմեքենայի աջ կողմի ապակին ու այնտեղից դուրս են բերում տղամարդուն, որը լինում է անգիտակից վիճակում, և բերանից կասկածելի փրփուր էր դուրս գալիս։ 

Պարեկները շտապ մտնում են «Արմենիա» բժշկական կենտրոն, վերցնում այնտեղից պատգարակ ու այդ տղամարդուն պատգարակով մոտեցնում են հիվանդանոցի ընդունարան, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել այդ տղամարդու կյանքը։

Աղբյուրը նաև հայտնում է, որ քաղաքացին 48-ամյա Արմեն Հ.-ն է։ Նա ավտոմեքենայի մեջ՝ ապակիները փակած, միացրած շարժիչով փորձել է տաքանալ, ինչից հետո առաջացել է շմոլ գազի արտահոսք։  

Հիվանդանոցի աշխատակիցներն աղբյուրին ասել են. «Նկատեցինք, որ 2 պարեկ շնչակտուր մտավ շենք ու մեզանից պահանջում էին պատգարակ։ Ճիշտն ասած՝ մտածեցինք, երևի իրենց մեքենայով ինչ-որ վիրավորի են բերել, բայց, որ պատգարակը վերցրին ու վազեցին դեպի մուտքից մի 100 մետր հեռավորության վրա, հետաքրքրեց։ Հետևներից գնացինք ու արդեն տեսանք, թե ինչպես են 2 այլ պարեկներ մեքենայից դուրս բերում մի տղամարդու։ 

Որպես բժիշկներ, կասենք՝ եթե մի քանի րոպե ուշ օգնություն ցուցաբերվեր այդ տղամարդուն, վերջաբանը ողղբերգական կլիներ»։

--00—ԼՄ