ԵՄ «Եվրոջասթ» գործակալության պատվիրակությունն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ գլխավոր դատախազն այսօր ընդունել է Եվրոպական միության (ԵՄ) քրեական արդարադատության ոլորտում համագործակցության «Եվրոջասթ» (Eurojust՝) գործակալության ղեկավար Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ ԵՄ-ի հետ երկարամյա բազմաշերտ համագործակցությունը նպաստել է մեր երկրում արդարադատության ոլորտի բարեփոխումներին, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ինստիտուտների զարգացմանը:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարը ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից է: Նա ընդհանուր գծերով ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումները, այդ շրջանակում՝ մասնավորապես, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումն ու առկա արդյունքները: Շեշտվել է, որ վարույթների շրջանակներում պարզված ապօրինի ակտիվների մի զգալի մասը դուրս է բերվել հանրապետությունից, այդ թվում՝ դեպի ԵՄ երկրներ, և դրանց վերադարձման առումով օտարերկրյա պետությունների պատկան կառույցների հետ գործակցության հարցում գործակալության աջակցությունը կարող է էական դեր կատարել:

Նա շնորհակալություն է հայտնել գործակալությանը համագործակցության շրջանակներում ՀՀ դատախազությանը բարի կամքի հիման վրա ցուցաբերված աջակցության համար: 2020թ. սկզբից «Եվրոջասթ»-ի ուղիներով այլ պետությունների իրավասու մարմիններին հասցեագրվել է իրավական օգնություն ցուցաբերելու մասին 50-ից ավելի միջնորդություն, որոնց մեծ մասը կատարվել է և ստացվել են նմանատիպ միջնորդություններ:

Լադիսլավ Համրանը ողջունել է «Եվրոջասթ»-ի հետ գործակցությունն ընդլայնելու հայկական կողմի շահագրգռությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու ՀՀ-ի և ԵՄ անդամ երկրների արդարադատության ոլորտի մարմինների միջև արդյունավետ հաղորդակցության հարթակ տրամադրելու մոտեցումը: Նա հույս է հայտնել, որ իրավական հիմքերի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները որակապես նոր մակարդակի կտեղափոխեն այդ հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, սկսած 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի օրերից, գործակալությանը տրամադրված՝ պատերազմում Ադրբեջանի կողմից ահաբեկչական, վարձկան խմբավորումների ներգրավման և կատարված այլ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ առկա ապացույցների հիման վրա «Եվրոջասթի»-ի «Ցեղասպանության ցանց»-ի շրջանակում ռազմական հանցագործությունների օբյեկտիվ բացահայտմանը նպաստելու նպատակով ունիվերսալ իրավազորությամբ իրավական գնահատականներ տալու ընդհանուր սկզբունքների կիրառման խնդիրները:

Քննարկվել են նաև «քննչական հարցումների կատարման, անդրազգային հանցավորության դեմ պայքարում գործընկերային ռեսուրսներն առավել նպատակային օգտագործելու, եվրոպական իրավունքի զարգացման հենքին դատախազների մասնագիտական կարողությունները կատարելագործելու և այլ ոլորտներում Եվրոջասթ»-ի հետ համագործակցության զարգացման կառուցակարգերն ու հնարավորությունները:

--00--ՍԳ