Ոստիկանության ծառայողները լուսացույցի դեր չեն խաղալու ու չպետք է խաղան. Արա Ֆիդանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

 

տռռեգտեռգ

Հանրապետության մարզերում պարեկային ծառայության ներդրման գործում հաշվի են առնվում Երևանի փորձն ու բացթողումները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց, որ Երևանում պարեկային ծառայության ներդրման ժամանակ սկզբից որոշ խնդիրներ ի հայտ եկան, որոնք հաշվի են առնվում մյուս մարզերի պարագայում:

«Առաջին խնդիրը, որ ականատես եղանք հենց ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ էր կապված: Ի պատիվ մեր պարեկային ծառայողների պետք է նշեմ, որ նրանք շատ արագ արձագանքեցին, որ ամեն ինչ կանոնակարգվեց: Ամեն դեպքում, հասարակության շրջանում շարունակում է գեներացվել այն մոտեցումը, որ պարեկային ծառայության գործառույթը բացառապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն է: Պետք է նշեմ, որ այդպես չէ: Ոստիկանության ծառայողները լուսացույցի դեր չեն խաղալու ու չպետք է խաղան: Այդ ամբողջը պետք է կանոնակարգվի համապատասխան գործիքակազմերով: Օրինակ, խելացի տեսախցիկներով, խելացի լուսացույցներով և այլն»,-ասաց Արա Ֆիդանյանը:

Հաջորդ խնդիրը, որն ի հայտ էր եկել Երևանում պարեկային ծառայության ներդրման սկզբնական փուլում իրավական գիտելիքների առումով էր: Արա Ֆիդանյանի խոսքով, որքան էլ 5 ամսյա դասընթացը խտացված ներկայացվի, չի կարող բավարար լինել: Այդ նպատակով ներդրվում է պարբերաբար վերապատրաստման դասընթացների համակարգ, որ պարեկն աշխատանքի անցնելուց հետո էլ վերապատրաստվի:

Մյուս խնդիրը միմյանց հետո հաղորդակցությունն ապահովելու խնդիրն էր: Նոր տեխնոլոգիաների, նոր համակարգերի հետ կապված խնդիրներ կային: Արա Ֆիդանյանը նշեց, որ այժմ այդ խնդիրները հիմնականում կանոնակարգված են, մասնագետները աշխատանք են տանում կատարելագործելու այդ սպասարկող ծրագրերը:

--00--ՍԳ