«Պատրաստ ենք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացնել ամենաբարձր մակարդակով»․ Վահրամ Դումանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

․

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին ու քննարկել ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը Երևանում անցկացնելու հնարավորությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ մեր երկրի համար մեծ պատիվ կլինի Եվրոպայի առաջնության անցկացումը. «Ծանրամարտը Հայաստանում շատ սիրված և բավականին մեծ մասսայականություն վայելող մարզաձև է, ու մենք կարող ենք հպարտանալ այս մարզաձևում ունեցած հաջողություններով: Ուրախ կլինենք, եթե միջազգային ֆեդերացիան այդ մրցաշարի անցկացումը մեզ վստահի: Կարող եք հավատացած լինել՝ մենք պատրաստ ենք առաջնությունն ամենաբարձր մակարդակով անցկացնելուն»:

Ըստ աղբյուրի՝  Ծանրամարտի Եվրոպայի  ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին կարևորել է պետական աջակցությունն այդ գործընթացում և շեշտել՝ առանց այդ աջակցության, թերևս, հնարավոր չէ առաջադրված նպատակն իրագործել. «Տեսնում ենք՝ Հայաստանի կառավարությունն աջակցում է այս գաղափարի իրագործմանը, իսկ դա արդեն գործի կեսն է: Առաջին անգամ էինք Հայաստանում, ծանոթացանք ենթակառուցվածքներին, ու կարող եմ ասել՝ դրանք գոհացուցիչ են: Մայիսին համաժողով կունենանք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հետ ու այդ ժամանակ էլ վերջնական որոշում կկայացնենք»:

Անտոնիո Կոնֆլիտին նաև նշել է, որ իրենք մշտապես պատրաստ են աջակցելու Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային և հայկական սպորտին առհասարակ. «Տեսնում եմ՝ որքան եք կարևորում սպորտը ձեր երկրում, ու իսկապես ուրախ եմ դրա համար: Սպորտն առաջին հերթին առողջություն է և կարգապահություն ու մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում»:

--00--ԱՀ