Ադրբեջանցիները շարունակում են մնալ Արցախի Փառուխում, բանակցությունները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

․

Արցախի Ասկերանի շրջանի ուղղությամբ գիշերը հանգիստ է եղել, ռուս խաղաղապահները շարունակում են բանակցություններն ադրբեջանական կողմի հետ, որ վերջիններս հետ քաշվեն Փառուխ գյուղից դեպի ելման դիրքեր, բանակցություններից դեռևս դրական ազդակ չկա, հայկական կողմը բանակցություններին չի մասնակցում։ Այս մասին 24News-ին ասաց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը։

«Խախտումներ չեն եղել, նույն է ինչ որ երեկ է եղել, առանձնակի բան չկա», - նշեց Պետրոսյանը։

Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, որ մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: «Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»։

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը նշեց, որ ադրբեջանական կողմը դեռեւս չի հրաժարվել ամբողջ Արցախը դիտարկելի դարձնող ռազմավարական  Քարագլխի բարձունքը գրավելու մտքից։ «Ուզում են տիրանան Քարագլխին, որը ռազմավարական մեծ նշանակություն ունի։ Երեկվանից նույն վիճակն է», - ընդգծեց Անահիտ Պետրոսյանը։

Արցախի ՊԲ-ն նաև այսօր նշել էր, որ մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, ևս տասներկուսինը բավարար։

Երեկ տարածած հաղորդագրության մեջ պաշտպանական գերատեսչությունը նշել էր, որ մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):

Ադրբեջանական դիրքերը տեղակայված են Փառուխ գյուղից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա։ Մարտի 25-ին Անահիտ Պետրոսյանը 24News-ին ասել էր, որ միջանցք է տրամադրված, որ ադրբեջանցիները Փառուխից հետ քաշվեն դեպի իրենց ելման դիրքեր։ Փառուխ գյուղը մարտի 24-ին առանց կրակոցի անցել էր ադրբեջանական վերահսկողության տակ։

--00--ԱՀ