Փառուխում իրավիճակը նույնն է, ուղղակի չկրակելու պայմանավորվածություն կա. Արցախի ԱԺ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

պատերազմ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական էջում մանրամասն նկարագրված է իրականությունը, որը մեր մեդիադաշտը, չգիտես ինչու, սխալ մատուցեց հանրությանը, թե ադրբեջանական բոլոր ուժերը հետ են շպրտված Փառուխից։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Ասկերանի շրջանի Փարուխ գյուղից ադրբեջանական զինուժի դուրսբերման հարցին։

«Հայտարարության մեջ հստակ նշված է, որ որոշ ստորաբաժումներ են հետ քաշվել, այսինքն ՝ մի քանի տասնյակ մարդ հետ է գնացել։ Դա չի նշանակում, որ ադրբեջանցիները դիրքավորված չեն Փառուխում։ Այսինքն,  պետք է փաստենք՝ իրավիճակն ըստ էության  նույնն է, բացառությամբ, որ չկրակելու պայմանավորվածություն կա։ Բոլորս էլ սպասում ենք և քաջ գիտակցում ենք, որ պետք է լինի քաղաքական լուծում, դեռևս պաշտոնական ոչ մի բան չկա, սպանենք պաշտոնական հայտարարությանը», - նշեց պատգամավորը։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության երեկ հրապարակված բյուլետենի մեջ նշվում էր, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից։ 

Պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ ՌԴ ՊՆ հայտարարության մեջ նշվում էր, որ ադրբեջանական ուժերի մի մասն է դուրս բերվել։ «Եվ այստեղ ադրբեջանական կողմի հակառակ հայտարարությունն ինչ-որ չտրամաբանված, անհստակ ինչ-որ մի բան էր, երևի իրենք էլ չէին հասկացել՝ ինչին են հակազդում։ Իրավիճակն ըստ էության նույնն է, կրկին ասում եմ՝ այն տարբերությամբ, որ կրակոց չկա, իսկ լուծում դեռևս չի տրվել։ Ի վերջո մենք այստեղ ենք ապրում, համենայն դեպս, ամբողջությամբ հետ չեն քաշվել Փառուխից»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ իր տարածած հայտարարության մեջ «ափսոսանքով» նշել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 27-ի հայտարարության մեջ արտացոլված կետերը չեն համապատասխանում իրականությանը։ «Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքների մաս կազմող Ֆարրուխ [գյուղի ադրբեջանական անվանումն է] գյուղում և հարակից բարձունքներում ադրբեջանական բանակի դիրքերում փոփոխություններ չեն եղել»։

--00--ԿԿ