Ադրբեջանական զինուժի հետ բանակցություններից դրական ազդակներ կան․ Ասկերանի ղեկավարի օգնական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Արցախ

Քարագլխից ադրբեջանական զինուժի ելման դիրքեր հետ քաշվելու բանակցություններից դրական ազդակներ կան, գրեթե լարվածություն չկա։ Այս մասին 24News-ին ասաց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը՝ անդրադառնալով Արցախի Ասկերանի շրջանի Փարուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին։

Երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ մարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված: «Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել: Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի ուղղությամբ: Դրան զուգահեռ, շարունակվում են աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակ ունենալով ադրբեջանական կողմին վերադարձնել իրենց ելման դիրքեր», - ասված էր հաղորդագրության մեջ։

Անահիտ Պետրոսյանն ասաց, որ Փառուխի բնակչությունը հիմնականում տարեցներ են, հիմնականում տղամարդիկ, որոնք «Խրամորթի գյուղի պաշտպանների հետ են, իսկ տարհանված բնակիչները բարեկամների տներում են տեղավորված»։

Ասկերանի ղեկավարի օգնականն ասաց, որ Փառուխի տարհանված բնակչությանը սննդով, դեղորայքով աջակցում է նաև «Կարմիր խաչ» միջազգային մարդասիրական կազմակերպությունը։

--00--ԿԿ