Արտախորհրդարանական ընդդիմությունից ովքեր կմիանան ապրիլի 5-ի հանրահավաքին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

հանրահավաք.jpg

Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվելու է Արցախը Ադրբեջանի կազմում ներառելու հարցը, Ադրբեջանը բացահայտ խոսում է այդ մասին, որ պետք է ճանաչել իրենց տարածքային ամբողջականությունը, և Ղարաբաղի հարցը փակված է, պետք է բողոք արտահայտել դրա դեմ: Այս մասին 24News-ին ասաց «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և հավելեց, որ դրա համար միանշանակ միանալու են խորհրդարանական ուժերին և մասնակցելու են ապրիլի 5-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։

Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ իրենք հայտարարել են, որ պետք է իրենց բողոքը հայտնեն Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման դեմ, որ փաստաթուղթ չստորագրվի, ըստ որի՝ Արցախը չի համարվելու Հայաստան կամ անկախ սուբյեկտ, փաստ է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմից դուրս։

«Մեր պարոնն անգամ չի էլ ասում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն, դարձրել են աշխարհագրական մի հասկացություն: Արցախը միջազգային տեսանկյունից սուբյեկտ է, այն դուրս է եկել Ադրբեջանի կազմից՝ իր տարածքով, բնակչությամբ և իշխանություններով, որոնք պետականության էլեմենտներ են։ Եթե անգրագետ է, չի հասկանում, խղճում եմ իրեն: Մենք պարտավոր ենք մեր ձայնը բարձրացնել։ Այս պարոնը ժողովրդի կողմից տրված որևէ լիազորություն չունի, որ Արցախը համարի Ադրբեջանի մաս: Այնպես որ, ապրիլի 5-ին պարտավոր ենք աշխարհին ցույց տալ, որ նա լիազորված չէ հայ ժողովրդի կողմից: Մեր ազգը դեռ չի կորցրել իր բնազդը՝ հասկանալու համար, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Արցախը պետք է ինքնորոշված լինի, որը իրավական փաստաթղթերում հաստատված է»,- ավելացրեց նա:

24News-ը զրույցեց նաև «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ, վերջինս նշեց, որ իրենց կուսակցությունը չի միանալու խորհրդարանական ընդդիմության կազմակերպած հանրահավաքին, քանի որ իրենց համար անհասականալի է խորհրդարանական ընդդիմության օրակարգը՝ չնայած այն հանգամանքին, որ իրենք ևս գործող իշխանությանը դեմ են: Սուրենյանցը չբացառեց, որ իրենց կուսակցության անդամները կարող են մասնակցել հանրահավաքին:

«Եթե որևէ ուժ դեմ է արտահայտվում հայ- թուրքական կամ հայ-ադրբեջանական դիալոգին, ապա պետք է այլընտրանք նշի, իսկ ընդդիմոթւյունը դա չի անում, բացարձակ մերժողական դիրքորոշում է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերին, Բաքուն ներկայացրել է իր առաջարկը, Երևանը պետք է ներկայացնի իրենը, և տեղի ունենա երկխոսություն։ Եթե դեմ են, թող ասեն՝ ի՞նչ են առաջարկում դրա փոխարեն: Այսօր քաղաքական ուժերը կանգնած են պատերազմ, թե խաղաղություն դիլեմայի քաղաքական բանաձևման անհրաժեշտության առջև»,- նշեց նա:

Նշենք, որ երեկ Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իշխանությունն անկարող է կազմակերպել երկրի պաշտպանությունը և ապրիլի 5-ին՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում կկազմակերպվի հանրահավաք, որի ընթացքում ժողովրդի հետ պետք է կքննարկվի՝ ինչպես պահել Արցախը և ինչպես պաշտպանել Հայաստանը:

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ևս համատեղ հայտարարությամբ հանդես եկան, նշելով, որ պարտված իշխանությունը վտանգում է ՀՀ պետականությունը և ապագան, կոչ անելով կուսակցություններին, անհատներին, մտավորականությանը, հասարակական կազմակերպություններին, հայաստանցիներին, արցախահայությանը եւ Սփուռքին միանալ հանրահավաքին:

24 News-ը կապ հաստատեց նաև «5165 ազգային ապահպանողական»շարժման և «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնության ղեկավարներ Կարին Տոնոյանի և Արա Զոհրաբյանի հետ, վերջիններս նշեցին, որ խորհրդի կազմով քննարկումից հետո հանդես կգան հայտարարությամբ:

--00—ՀԶ