Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 5- ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

․

Մեծ Բրիտանիան մտադիր է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն անցկացնել ապրիլի 5-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին «Թվիթեր»-ում հրապարակած տեսաուղերձով հայտնել է  կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը:

Իր տեսաուղերձում նա շեշտել է, որ հատկապես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ուկրաինայի Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին:

Ավելի վաղ լրագրողներն ու ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները հայտնել էին, որ Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչա քաղաքում հայտնաբերվել է 16 մարդու դի: Ուկրաինայի իշխանություններն այդ մարդկանց սպանության համար մեղադրում են ռուս զինվորականներին:

ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Բուչայում տեղի ունեցածի մասին տարածվող տեսանյութը կեղծ է:

--00--ԱՀ