Վարչապետը ճյուղից է կախվում, որ չխեղդվի, որովհետև ուրիշ բան չկա անելու․ Սասունյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

քաղաքական

Բրյուսելում եռակողմ հանդիպման գլխավոր թեման պետք է լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, Արցախի իրավիճակը, ճանապարհների բացումը, որովհետև Ալիևն անընդհատ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այս մասին 24News-ին ասաց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ ու խմբագիր, ամերիկաբնակ լրագրող Հարութ Սասունյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով հանդիպմանը։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ իր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև եռակողմ հանդիպում տեղի կունենա։

Հարութ Սասունյանը հույս ունի, որ Փաշինյանը նաև կբարձրացնի Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ «Հուսամ՝ վարչապետը նաև կբարձրացնի այն հարցը, որ Ադրբեջանի զինվորները Հայաստանի սահմաններն են մտել 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր և դուրս չեն գալիս։ Իսկ վերջին հարցը, չեմ սպասում, որ բարձրացնի, դա էլ վերջին օրերին ազերի բանակի հարձակումն է Արցախի երկու գյուղերի [Փարուխ, Խրամորթ] վրա։ Չեմ կարծում, որ Փաշինյանը և Ալիևը խոսեն հայ-թուրքական հարաբերությունների մասին, որովհետև դա այդքան էլ կապ  չունի այսօրվա թեմայի հետ։ Թեև թուրքերը հաճախ նշում են, որ Թուրքիան ամեն ինչ ստուգում է Ադրբեջանի հետ հայ-թուրքական հարաբերութունների բանակցությունների ընթացքում»։

Մարտի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Երևանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ 

Սասունյանի խոսքերով՝ եթե Մինսկի խումբը գործունյա լիներ, երկու երկների ղեկավարները չէին հանդիպի Բրյուսելում, ՄԽ-ն կհանդիպեր երկուսի հետ։ «Մինսկի խումբն իսկության մեջ գույություն չունի։ Որովհետև նախ Ռուսաստանն է իր վրա վերցրել այդ հարցերը, և երկրորդ՝ Ալիևն անընդհատ ասում է՝ «Ղարաբաղի հարց գոյություն չունի, ես արդեն լուծել եմ, որևէ բանակցության անհրաժեշտություն չկա, Մինսկի խմբի անհրաժեշտություն չկա»։ Միջնորդը չի կարող միջնորդ լինել, եթե կողմերից մեկն ասում է, որ չի ուզում միջնորդեն։ Ալիևն ասում է, որ չի ուզում։ 2020-ի պատերազմից հետո Մինկի խմբի երկու համանախագահները՝ ֆրանսիացի և ամերիկացի, երբ որ մտան իր գրասենյակը, Ալիևը շատ կոշտ ձևով ասեց, թե «ինչի՞ համար եք եկել, ի՞նչ եք ուզում անել», այսինքն՝ ուզում է ասել՝ «դուք այստեղ գործ չունեք, ձեր ժամանակն եք վատնում Բաքու գալով»»։

«Հայաստանյան կողմն անընդհատ ասում է՝ «Մինսկի խումբ, Մինսկի խումբ», որովհետև ուրիշ բան չունի ասելու։ Ինչպես ասում են՝ «խեղդվող մարդը միշտ ճյուղից է կառչում, որ չխեղդվի»։ Այս է մեր վիճակը։ Մեր վարչապետը ճյուղից է կախվում, որ չխեղդվի, որովհետև ուրիշ բան չկա անելու։ Միակ մեր հույսը դրել ենք Ռուսաստանի վրա, բայց վարչապետը ոչինչ չի կարող դասավորել Ռուսաստանի հետ՝ ո՛չ գերիների ազատագրումը, ո՛չ ազերիական բանակի հետքաշվելը մեր սահմաններից, ո՛չ Արցախի գյուղերի վրա հարձակումը։ Դա է պատճառը, որ անընդհատ խոսում է ՄԽ-ի մասին, նախ գնաց Ֆրանսիա, այդտեղ խոսեց Մակրոնի հետ ՄԽ-ի մասին, հիմա էլ՝ Եվրոպա, հավանաբար Փաշինյանը կբարձրացնի Մինսկի խմբի հարցը։ Բայց չեմ կարծում, որ Ալիևն ընդունի այդպիսի բան, որովհետև Ալիևը միջնորդի կարիք չունի», - եզրափակեց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչը։