Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հետախուզվողի. նրա մոտ ատրճանակ է եղել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

ոստիկանություն

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ, Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում հայտնաբերել և Կոտայքի բաժին բերման են ենթարկել 42-ամյա մի տղամարդու։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նա 2021 թվականի փետրվարի 24-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով արարք կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ մարդուն առևանգելը, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը և ապօրինի կերպով զենք պահելը: Խափանման միջոցը՝ կալանք։

Ըստ աղբյուրի՝ անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 9 փամփուշտով և նույն տրամաչափի 8 փամփուշտով լիցքավորված պահունակ:

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։

--00--ԱՀ