Անհայտ բաղադրությամբ հեղուկ է հոսում եւ լցվում Շնող գետի Մանստեւ վտակի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը տեսանյութ է հրապարակել, որում կասկածելի որակի ջրերը առվակով հոսում և լցվում են Շնող գետի վտակի մեջ։

«Սա նկարել են փետրվարի 7-ին Թեղուտի հանքի մոտ։ Անհայտ բաղադրությամբ հեղուկ է հոսում և լցվում Շնող գետի Մանստև վտակի մեջ։ Պետական լիազոր մարմիններին խնդրում ենք պարզել, թե սա ինչ է։ Կորդինատները՝ 41°06'03"N 44°51'37"E:

Տեսանյութը՝ Թեղուտի հանքի տարածքից, որտեղ ավելի պարզ է երեւում, թե ինչպես են անհասկանալի որակի ջրերը առվակով հոսում և լցվում Շնող գետի վտակի՝ Մանստև գետակի մեջ», - ահազանգում են բնապահպանական ճակատի ներկայացուցիչները։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հայտարարել է, որ հրապարակումը հաղորդագրություն է հանցագործության մասին, ուստի հրավիրում է ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրությունը: