Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին հրավիրել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ։ Նա տարբեր տարիներին զբաղեցրել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի և ներքին գործերի նախարարի պաշտոնները։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։

Նախագահ Սարգսյանը և փորձառու պետական ու քաղաքական գործիչը մտքեր են փոխանակել միջազգային քաղաքականության ու անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

Արմեն Սարգսյանը պատմել է նաև այն ծրագրերի ու նախագահական նախաձեռնությունների մասին, որոնց իրականացմանը հետամուտ է՝ նշելով, որ դրանք ապագային միտված ծրագրեր են և նպատակ ունեն Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների, նորարարության և ստարտափների կենտրոն։

Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, ինչը ընդունվել է նրա կողմից։