Կայացել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման շինարարական աշխատանքների միջազգային մրցույթը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

fh.thumb_.jpg

Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար 2021թ. դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների էլեկտրոնային համակարգում տեղադրվել էր մրցութային փաթեթ և հայտարարվել էր մրցույթ: Հայտերի ընդունելության վերջնաժամկետի լրանալով պայմանավորված՝ մրցութային ամբողջական փաթեթների ուսումնասիրման նպատակով գնահատող հանձնաժողովի կողմից պաշտոնապես բացվել են կազմակերպությունների ներկայացրած հայտերը։

Գնահատող հանձնաժողովը, որի կազմում են ՊԵԿ-ի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, կուսումնասիրի տվյալ կազմակերպությունների ներկայացրած մրցութային ամբողջական փաթեթները, նրանց նախկինում կատարած աշխատանքներն ու ներկայացրած գնային առաջարկները:

Ներկայացված հայտերի վավերականության ժամկետը 120 օր է:

Հավելենք, որ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիրն» իրականացվում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված վարկային և դրամաշնորհային համաձայնագրի համաձայն: Ծրագրի արժեքը մոտավորապես 21 միլիոն եվրո է, շինարարական աշխատանքները տևելու են 30 ամիս:

Սահմանային անցակետը լինելու է գերժամանակակից, անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով՝ նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք՝ 4000 քմ կառուցապատման մակերեսով՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով, 40000 քմ ավտոկայանատեղի, մուտքային և ելքային 5 հոսանքագիծ, ինչպես նաև հագեցած է լինելու գերժամանակակից ռենտգեն-սարքավորումներով:

Մեղրիի անցակետի արդիականացումը կարագացնի և կհեշտացնի սպասարկումը, ինչպես նաև կնպաստի «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաև տարանցիկ փոխադրումներին:

 --00--ՀԶ