Եթե ցեղասպանությունը սուտ է, ինչո՞ւ է Էրդողանը 5 տարի ցավակցում հայ ժողովրդին․ Փայլան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Thumbnail

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը քննադատած Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին:

Քալընը հայտարարել էր, որ «այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ են»։

Թուրքիայի դիրքորոշմանն ի պատասխան՝ Փայլանը 2 գրառում է արել Թվիթերում։ Գրառումներից մեկում ասվում է․ «Պետության որոշմամբ այս հողերից աքսորված և կոտորված հայ ժողովրդի մեծ ողբերգության հետ Թուրքիան չի առերեսվել և անվանում չի տվել... Տեղի ունեցածը նախևառաջ Թուրքիայի մեջլիսի և նախագահի խնդիրը պետք է լինի, պետք է առերեսվել և անուն տալ տեղի ունեցածին... 104 տարի է սպասում ենք արդարության»:

Մեկ այլ գրառման մեջ Փայլանը հարց է հղել Էրդողանի խոսնակին․

«Եթե Հայոց ցեղասպանությունը քաղաքական սուտ է, ապա ինչո՞ւ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 5 տարի շարունակ ապրիլի 24-ին հայ ժողովրդին ցավակցական ուղերձ հղում», - հայտնում է Ermenihaber-ը:

Փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։ 

«Ֆրանսիան առաջին հերթին այն երկիրն է, որը գիտի՝ ինչպես նայել պատմությանը, որն առաջիններից մեկը դատապարտեց 1915-ին տեղի ունեցած հայոց ցեղասպանությունը, որը երկար պայքարից հետո 2001-ին օրենքով ճանաչեց: Ապրիլի 24-ը կդառնա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր», - ասել էր Մակրոնը: