Բանակցություններում այլևս Արցախի հիմնահարց գոյություն չունի, սեղանին դրված է Հայաստանի հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

նկար

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով Բրյուսելում կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպմանը, նշեց, որ ՀՀ երեք ղեկավարների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստանի Հանրապետությունը բանակցում էր միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ, բայց այս իշխանություններն այդ հարցը փակեցին:

«Նախկինում սեղանին դրված միակ հարցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնահարցն էր, այսօր, երբ այս իշխանութունն է բանակցում, սեղանին այլևս Արցախի Հանրապետության հարց գոյություն չունի, սեղանին դրված է Հայաստանի հարցը. սա է այս իշխանության բանակցությունների առանցքը, այս իշխանություններից այլ բան ակնկալելն անիմաստ է»,- նկատեց պատգամավորը:

Նշենք, որ Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Հանդիպումից հետո երկու հարցի վերաբերյալ ընդունվեց հայտարարություն, ըստ որի՝ մինչեւ ապրիլի վերջ պետք է սկսվի սահմանազատման-սահմանագծման գործընթաց և երկու երկրների արտաքին գործերի նախարարներիը ապագա խաղաղության պայմանագրի հետ կապված նախապատրաստական աշխատանքներ ձեռնարկեն:

Ընդունված հայտարարության մեջ անդրադարձ չկար Արցախյան հիմնահարցի և ադրբեջանցիների՝ Փառուխում տեղակայման մասին: Ավելի ուշ՝ Կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշիյանը պարզաբանեց, որ Բրյուսելում Փառուխի դեպքերի շուրջ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի և Բրյուսելյան հարթակում թեմայի հետագա քննարկումը  պատեհ չի համարել:

«Խոսքը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պետք է քննակվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք։ Այս թեմայով մեր դիրքորոշումը հայտարարել եմ, ըստ այդմ՝ ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժնումների դուրբերումն ապահովելու համար»,- ավելացրել էր նա։

Հերմինե Միքայելյան

--00—ԼՄ