Սահմանադրությունը չենք հարմարեցնում Սամվել Բաբայանին․ Արցախի նախագահի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 9, 24News

Thumbnail

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Արցախում սահմանադրական փոփոխություններ են լինելու։ Արդյոք համապատասխանո՞ւմ է դա իրականությանը․ ճշտելու նպատակով 24News- ը զրուցեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

«Կարգ կա սահմանադրական փոփոխություններ իրականացնելու։ Դա ժողովրդի իրավունքն է։ Սահմանադրությունը դինամիկ երևույթ է, իսկ փոփոխությունները հիմա կլինեն, մի տարի թե տասը տարի հետո՝ ցույց կտա ժամանակը։ Պետք է խստիվ հետևել օրենքին։ Օրենքով ինչպիսի ընթացակարգ որ նախատեսված է՝ այդպես պետք է անել»,- ասաց Բաբայանը։

Ճշտմանը՝ կոնկրետ այս պահին սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնելու նախաձեռնություն կա՞՝ Բաբայանն արձագանքեց․

«Այս պահին չկա, բայց կան ուժեր, անհատներ, որոնք ուզում են նախաձեռնությամբ հանդես գալ, ՚իսկ դրա համար կա ընթացակարգ։ Ժողովուրդն ինքը կարող է սահմանադրական փոփոխություններ մտցնել։ ԱՄՆ-ի պես պետությունն էլ նման փոփոխություններ կատարում է։ Մենք էլ ենք ժողովրդավարական պետություն, ամեն ինչ էլ հնարավոր է»։

Դիտարկմանը, թե մամուլում շրջանառվում է այն թեզը, որ Սամվել Բաբայանի համար են Արցախում սահմանադրությունը  հարմարեցնում՝ Արցախի նախագահի խոսնակը պատասխանեց․

«Ոչ, դա ճիշտ չէ, թե մենք Սամվել Բաբայանի կամ այլ մարդու համար ենք սահմանադրություն հարմարեցնում։ Նման բան չի կարող լինել»։

Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ցանկացած դեպքում պետք է խստիվ հետևել օրենքին, կարգուկանոնին։

Օրեր շարունակ լրատվամիջոցները շրջանառում են լուրեր այն մասմին, որ Արցախի Սահմանադրությունըցանկանում են փոխել, որպեսզի Սամվել Բաբայանը կարողանա մասնակցել նախագահի ընտրությանը։