Ինչ աղետների կարող է հանգեցնել կառավարության վարած ֆիսկալ քաղաքականությունը

Thumbnail

Այս շաբաթ դոլար-դրամ փոխաժեքը կրկնեց դեռեւս նոյեմբերին արձանագրած հակառեկորդը ու կրկին հատեց  490 դրամ  մեկ դոլարի նկատմամբ հոգեբանական սահմանագիծը: Դեռեւս նախորդ տարի մեր արած վերլուծությունը ակնհայտորեն նախազգուշացնում էր, որ ճնշումները փոխարժեքի վրա կրկնվելու են ու փոխարժեքի արժեզրկման սցենարի հիմքում ընկած են ֆունդամենտալ  ու  երկարաժամկետ գործոններ: Ավաղ՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ մենք կարող են տեսնել ոչ միայն 490, այլեւ 491, անգամ 493 դրամ մեկ դոլարի համար փոխարժեք:
Այսօր էլ՝ նախորդ տարվա նման, փոխարժեքի վրա ճնշումները պայմանավորված են նույն գործոններով, որոնք հետեւանք են մեր տնտեսությունում առկա կառուցվածքային խնդիրների: Միաժամանակ՝ ինչպես արդեն բազմիցս անդրադարձել  ենք  մեր վերլուծականներում, պետության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը զսպում է փոխարժեքի աճի ուղղությամբ ճնշումները, բայց ի հաշիվ երկրում ամբողջական պահանջարկի ու, հետեւապես, տնտեսական աճի զսպման:
Հիշեցման կարգով կարճ թվարկենք այդ գործոնները:
Առաջին՝ արտասահմանից ստացվող դրամական փոխանցումներն են կամ այլ կերպ ասած տրանսֆերտները, որոնք 2018 թվականին 2017-ի համեմատ նվազել են 170 մլն դոլարով: Երկրորդ՝  ներմուծման կտրուկ աճն է, որն ուղեկցվում է Հայաստանից արտահանվող ապրանքների շատ ավելի համեստ աճով, իսկ որոշ ամիսներին,  անգամ,  նվազմամբ: Դոլարային արտահայտությամբ, 2018 թվականին առեւտրի դեֆիցիտը էապես խորացել  է՝ 2017 թվականի 1 մլրդ 940 մլն դոլարից հասնելով 2 մլրդ 550 մլն դոլարի: Միայն այս երկու գործոնների հաշվին 2018 թվականին մեր երկիր արտարժույթի զուտ ներհոսքը կրճատվել է ահռելի 780 մլն դոլարի  չափով:

Ակնհայտ է, որ նման իրավիճակում մենք պետք է զարմանանք ոչ թե, որ 1 դոլարի փոխարժեքը արդեն 490 դրամ  է, այլեւ ինչո՞ւ է այդքան ցածր: Պատասխանը մեկն է՝ պետության կողմից վարվող ֆիսկալ քաղաքականությունը:  

Պետական եկամուտները՝ հարկերի հավաքագրումը, նորանոր  «ռեկորդներ» է սահմանել, այն դեպքում, որ բյուջեի ծախսային մասի պլանը՝ ոչ: Թվերով արտահայտված, պետական այս քաղաքականության արդյունքում 2018 թվականին պետական բյուջեն շուրջ 200 մլրդ դրամի գումար է հավաքել  տնտեսությունից հարկերի տեսքով ու չի ծախսել: Արդյունքում,  մեր քաղաքացիների ու տնտեսվարողների «ձեռքերին»  չկա 200 մլրդ դրամ, նրանք այդքանով  քիչ հնարավորություն ունեն ձեռք բերել դոլար,  ու այս կերպ պետությունը զսպում է դրամի փոխարժեքի բարձրացումը:

Սակայն սա արվում է երկրում ամբողջական պահանջարկի զսպման հաշվին: Մարդիկ պարզապես «ձեռքերին» ավելի քիչ գումար ունեն, որպես հետեւանք քիչ ծախսեր են անում ու այս ամենը անմիջականորեն ազդում է տնտեսական աճի զսպման վրա: Հենց այս գործոնն է մեծիմասամբ պայմանավորել, որ 2018 թվականի երկրորդ կեսին Ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրել է տնտեսական ակտիվության դանդաղեցում՝ ընդամենը 5.8% այն դեպքում, երբ    տարվա սկզբին այն 9%-ի շրջակայքում էր: Ամբողջական պահանջարկի կտրուկ նվազման մեկ այլ անուղղակի ցուցիչ է նաեւ ինֆլյացիան: 2018 թվականի օգոստոսի 3.6%-ից այն շատ արագ իջավ՝ դեկտեմբերին կազմելով ընդամենը 1.8%: Իսկ 2019 հունվարի ինֆլյացիան գրեթե զրոյացավ՝ հասնելով 0.6%:

Այս ամենը շատ լավ են հասկանում մեր երկրի տնտեսական իշխանության գուցե ամենաբանիմաց կառույցում՝  Կենտրոնական բանկում:  490 դրամ փոխարժեքի ֆոնին այս շաբաթ Կենտրոնական բանկը իջեցրեց նաեւ բազային տոկոսադրույքը 0.25%-ով՝ նպատակ ունենալով դրամավարկային գործիքներով  չեզոքացնել այն «ավերածությունները», որն հասցնում է կառավարությունը ներկայիս ֆիսկալ քաղաքականությամբ:  Ավաղ, մասնագետները շատ լավ գիտեն, որ ամբողջ աշխարհում, երբ ֆիսկալ   քաղաքականությունը «դադարում  է ծախսել»,   տնտեսությունը այն զգում է անմիջապես: Երբ դրամավարկային քաղաքականությունը փորձում է շտկել  այն, նվազեցնել տոկոսադրույքները, որպեսզի խթանի ամբողջական պահանջարկն ու տնտեսական աճը, այն  իր ազդեցությունն է ունենում տնտեսության վրա 9-ից 18 ամիս հետո:

Շատ հեշտ է դադարեցնել ոչ արդյունավետ ծախսերը,  «բռնել բյուջեն լափողներին»: Բայց տնտեսական քաղաքականության համար պատասխանատուները ինչ-որ պահի պետք է հասկանան կամ սովորեն, որ պետական տնտեսական քաղաքականությունը  բիզնես չէ, երբ քիչ ծախսերով մեծ շահույթներ ապահովելը դրական երեւույթն է: Տնտեսությունում պետությունը պետք է ծախսի: Գողանո՞ւմ են, լափու՞մ են՝ պետք է կանգնեցնել : Բայց կանգնեցնել գողությունը, ոչ թե ծախսերը...

Ռաֆայել Դավթյան