Ռուս խաղաղապահներն արդեն Քարագլխի վրա են. Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Երեկվանից ռուս խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում են։ Ինչպես հայտնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը, այս մասին հայտարարել է  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, կառավարության նիստի ժամանակ։

Նա նշել է, որ նման նախադեպ եղել է նախկինում՝ Եղծահողում, Մատաղիսի, Թաղավարդի  հատվածում.

«Ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ շփման գծի ամբողջ երկայնքով պետք է տեղակայվեն ռուս խաղաղապահները, բայց քանի որ խաղաղապահ ուժերի քանակը բավարար չեն, իսկ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են ոչ միայն տեղակայվել, այլև մշտապես կրակի տակ պահել մեր շփման գիծը և դրա հարևանությամբ գտնվող բնակավայրերը՝ կանխելու համար առաջխաղացումը և վտանգները, մենք շարունակում ենք իրականացնել մարտական հերթապահություն»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Նա ասել է, որ Փառուխում տեղակայված են խաղաղապահ ուժերը, Քարագլխի մի քանի բարձունքներում, ամենաբարձր կետում տեղակայված են Արցախի ՊԲ ստորաբաժանումները, կամավորականները, նաև ԱԱԾ ստորաբաժանումները.

«Լեռնաշղթայի որոշ բարձունքներում գտնվում են ադրբեջանական ստորաբաժանումներ, և արդեն երեկվանից նաև ռուս խաղաղապահներն են գտնվում ոչ միայն Փառուխի, այլև  Քարագլխի հատվածում»,- հավելել է Հարությունյանը։