Ուսումնական վարժանք․ ըստ սցենարի՝ Գառնիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News

նկար

Կոտայքի մարզի Գառնի համայնքի Արթուր Հակոբյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում «Կամավոր հրշեջ-փրկարարների ներգրավումը և համագործակցությունը հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կատարման ընթացքում» թեմայով վարժանք է անցկացվել:

Ըստ սցենարի՝ 3 կմ խորության վրա գրանցվել է 5,8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Գառնիում։

Նախնական տվյալներով եղել են տուժածներ:

Դպրոցում իրականացվել է ազդարարում, որից հետո՝ ամբողջական տարահանում. շենքում գտնվողներն անմիջապես դուրս են եկել բաց և անվտանգ տարածք: Կամավոր հրշեջ-փրկարարների հրդեհաշիջման խումբը ժամանել է դեպքի վայր, լսելով համապատասխան զեկույցները՝ իրականացրել է հետախուզություն և մարտական բացազատում, որից հետո սկսվել են հրդեհաշիջման և վիրավորների դուրսբերման աշխատանքներ:
Ուսումնավարժանքի նպատակն էր կատարելագործել կամավոր հրշեջ-փրկարարների գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ, ինչպես նաև գնահատել համագործակցությունը արձագանքող ուժերի և դպրոցում ստեղծված կամավորական խմբերի միջև։

Վարժանքին ներգրավված են եղել Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 ՀՓՋ-ն, համայնքի կամավոր հրշեջ-փրկարարները, շտապօգնության և ոստիկանության խմբերը: Վարժանքի ընթացքին հետևել են՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենiի տեղակալ Հովհաննես Եմիշյանը, Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանվել Ավետիսյանը և Հայկական Կարմիր Խաչի ընկերության ներկայացուցիչները։

Արմեն Գասպարյանը և Ահարոն Սահակյանը վստահություն են հայտնել, որ հրշեջ կամավորները լիարժեք պատրաստ են անհրաժեշտության դեպքում իրականացնել արձագանքում և ցուցաբերել առաջին օգնություն: Վարժանքի մասնակիցներին տրվել են համապատասխան ցուցումներ:

--00—ԼՄ