Զոհրաբ Մնացականյանը Էստոնիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Արցախի խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 9, 24News

Thumbnail

Փետրվարի 8-ին Տալլին կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ: Այդ մասին հատնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Զոհրաբ Մնացականյանը եւ Սվեն Միկսերը մտքեր փոխանակեցին երկու երկրների միջեւ բազմաոլորտ փոխգործակցության եւ հայ-էստոնական հարաբերությունների օրակարգի առավել ընդլայնման եւ հարստացման հնարավորությունների շուրջ: Երկուստեք ընդգծվեց, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմք է ծառայում երկկողմ օրակարգում առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար:

Ներկայացնելով այցի ընթացքում ունեցած հանդիպումները եւ դրանց արդյունքները՝ նախարար Մնացականյանը կարեւորեց իր պատվիրակության կազմում բարձր տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային կառավարման ոլորտի ներկայացուցիչների ընդգրկումը, ինչը հնարավորություն ընձեռնեց գործնական քննարկումներ անցկացնել տվյալ ոլորտում էստոնական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ այդ ոլորտում էստոնական կողմի ձեռքբերումներին եւ մատուցվող ծառայություններին:

Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները համակարծիք էին, որ բարձր տեխնոլոգիաների, նորարարության եւ ստեղծագործ կրթության ոլորտներում առկա է մեծ ներուժ, որը համատեղ ջանքերով կբացի արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցություն նոր հեռանկարներ:

Անդրադառնալով Հայաստանի եւ Եվրոպական Միության հարաբերություններին առնչվող հարցերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց  ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի եւ կառավարության զարգացման օրակարգի  առաջմղման համար: Երկուստեք կարեւորվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությունը՝ որպես ընդհանուր արժեքների եւ ամրագրված նպատակների հիման վրա բազմաբնույթ շփումների եւ նախաձեռնությունների հարթակ:

Կողմերը նաեւ գոհունակություն հայտնեցին միջազգային կառույցներում երկու երկրների միջեւ առկա համագործակցության եւ փոխադարձ աջակցության կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն արծարծեցին նաեւ տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրներ:

Զոհրաբ Մնացականյանը Սվեն Միկսերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները: Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման կարեւորությունը՝ շեշտելով իրավիճակի սրմանն ուղղված քայլերից եւ ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը: