Պետք է ժամանակ ձգել, որ Ուկրաինայի պատերազմը վերջանա, ու Մինսկի խումբը վերսկսի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

քաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական ու ամենամեծ խոչընդոտը ոչ թե Ֆրանսիան, ԱՄՆ-ն  կամ Ռուսաստանն են,  այլ՝ Ադրբեջանը։ Այս մասին 24News-ին ասաց «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության գործունեության հարցին։

Ըստ Միքայելյանի՝ Ադրբեջանը չի ուզում, որպեսզի ՄԽ-ն աշխատի․ «Մինսկի խմբում կուտակվել է այն նորմատիվային բազան, որը թույլ է տալիս պահանջել Արցախի կարգավիճակն Ադրբեջանից դուրս։ Եվ Ադրբեջանը դրան դեմ է, կարողանում է արդյունավետորեն ստիպել Հայաստանի ներկայիս իշխանություններին նույն տրամաբանությամբ գործել»։

Ապրիլի 8-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով միջնորդ հանդիսացող ՄԽ մյուս երկու համանախագահները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, ռուսատյացության ալիքի տակ չեղարկել են նաև ՄԽ եռանախագահությունը։ Իր հերթին Միրզոյանը հայտարարել էր, թե հաշվի առնելով մյուս համանախագահող երկրներից ստացած շատ հստակ ազդակները, հաստատել էր, որ «միջազգային համայնքը շարունակում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնել ՄԽ ձևաչափով»։

Բացի այդ, ի պատասխան «Լուրերի» հարցմանը՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։ Երեկ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: «Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում», - նշվում էր ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Մարտի 14-ին ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Երևանը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։

Միքայելյանի կարծիքով՝ այն, որ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև կարող են լինել տարաձայնություններ ներկայիս ժամանակաշրջանում, հասկանալի է։ «Դա նույնիսկ նորմալ է։ Հայաստանի խնդիրն այս պահի դրությամբ պետք է լինի մի քիչ ժամանակ ձգել, որպեսզի ռուս-ուկրաինական պատերազմն անցնի, և նոր կարողանանք բանակցություններին վերադառնալ, սա մեկ։ Եվ երկրորդը, իհարկե կան գայթակղություններ և՛ Ռուսաստանի, և՛ Ամերիկայի, և՛ Ֆրանսիայի կողմից իրենց տարաձայնություններն արտացոլել ՄԽ-ի աշխատանքում։ Դե դրա համար էլ պատերազմը վերջանա, նոր կկարողանանք խոսել։ Բայց երբ որ Ադրբեջանի կողմից ասվում է, որ ՄԽ-ն կորցրել է իր արդիականությունը, իսկ Հայաստանի կողմից ասվում է, որ ՄԽ-ն խաղաղության պայմանագիր է վավերագրելու, սա նշանակում է, որ ՄԽ-ի փակման հարց է կանգնած։ Եվ այ սա դիտարկում եմ որպես լուրջ խնդիր», - նշեց նա։ 

«Ամենամեծ խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումներն են։ Իհարկե կան տարաձայնություններ համանախագահող երկրների միջև, իհարկե դրանք պայմանավորված չեն ղարաբաղյան հարցով, այլ ավելի շուտ պայմանավորված են ուկրաինական հարցով, բայց ամենամեծ խնդիրը տեսնում եմ այս տարածաշրջանում, ոչ թե դրանից դուրս», - եզրափակեց Միքայելյանը։