Պարզելու ենք՝ ո՞վ ունի քրեական անցյալ, Բաբաջանյա՞նը, թե՞ Անդրանիկ Մանուկյանը. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 9, 24News

Thumbnail

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչը հարցմամբ դիմել է քրեակատարողական ծառայություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե ո՞վ ունի քրեական անցյալ՝ Արման Բաբաջանյա՞նը, թե՞ Անդրանիկ Մանուկյանը: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Անդրանիկ Մանուկյանի շահերի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:

«Հնարավոր է՝ Մանուկյանն ունի քրեական անցյալ, մենք այս մասով սխալ ենք ասում: Մենք բաց ենք խաղում: Գիտենք, որ Արման Բաբաջանյանը դատվածություն ունի բանակից խուսափելու համար: Հիմա ուզում ենք հասկանալ՝ Բաբաջանյանը, որ նման բան է ասում, նպատակը ո՞րն է»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Փաստաբանի խոսքով՝ հարցումներ են ուղարկում այլ կառույցների ևս դատարանի աշխատանքը թեթևացնելու համար:

Փետրվարի 5-ին Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը պատվի և արժանապատվության պաշտպանության պահանջի մասին դատական հայց է ներկայացրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ:

Անդրանիկ Մանուկյանի պաշտպանի խոսքով՝ Արման Բաբաջանյանի՝ հունվարի 16-ին ԱԺ ամբիոնից արած հայտարարության երկու արտահայտություն իրենք որակում են վիրավորական, հինգ արտահայտություն՝ զրպարտություն:

«Վիրավորական ենք համարում «կասկածելի կենսագրությամբ» և «արատավոր նշանակում» արտահայտությունները, իսկ «քրեական անցյալով», «տարիներ  շարունակ զբաղված է եղել ՀՀ դեսպանատան անվամբ դիվանագիտական համարանիշեր ստանալով և տեղի հայ քրեականներին վաճառելով կամ նվիրաբերելով», Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը ծառայեցրել է Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի շահերին, «...այդ ամենը հանգեցրել է Ուկրաինայի հետ հարաբերությունների ողբերգական մակարդակի» արտահայտությունները վիրավորանք պարունակող սուտ տեղեկություններ ենք համարում»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Անդրանիկ Մանուկյանը պահանջում է, որ Արման Բաբաջանյանը երկու վիրավորական արտահայտությունների մասով ներողութուն խնդրի, 5 զրպարտութունների մասով ԱԺ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների միջոցով հերքում տարածի, և այդ ամենի համար, ընդհանուր առմամբ, 7 դրամ փոխհատուցում վճարի:

«Ամեն արտահայտության համար մեկական դրամ ենք պահանջում: Մենք նպատակ չունենք հարստանալ Բաբաջանյանի հաշվին: Մենք չենք ուզում վնաս տալ ՀՀ պատգամավորին, Մանուկյանի պատիվն ենք պաշտպանում: Դատավարությունը, որ սկսվի, կհասկանանք՝ շարժառիթը ո՞րն է եղել, ինչո՞ւ է ասել, միգուցե քաղաքական գործիչ է, ասել է, էլի»,- նշեց Անդրանիկ Մանուկյանի պաշտպանը:

Ալեքսանդր Սիրունյանը հուսով է, որ Արման Բաբաջանյանը ներողություն կխնդրի, և դատական այս վեճը կլուծվի հաշտությամբ:

Անդրանիկ Մանուկյանի պաշտպանը տեղեկացրեց, որ մի քանի հարցումներ են ուղարկել տարբեր կառույցների:

«Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից խնդրել ենք տրամադրել բոլոր դեսպանների ցուցակները, որոնք նախինում դիվանագետ չեն եղել, որպեսզի հարց տանք Բաբաջանյանին՝ Դուք շեշտադրված ասում եք ամենախնդրահարույցը Մանուկյանն է, սա Ձեզ ցուցակը, ասե՛ք, թե ինչո՞վ է Մանուկյանը խնդրահարույց, Մինասյանը՝ ոչ (նկատի ունի Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին,-հեղ․):

Արտգործնախարարությունից խնդրել ենք նաև տրամադրել տեղեկություն Մանուկյանի անձնական գործից: Ուզում ենք հասկանալ՝ կասկածելի անցյալ ասելով՝ ի՞նչ նկատի ունի Բաբաջանյանը: Գիտենք, որ պաշտոններ է զբաղեցրել, գործարանի տնօրեն, պատգամավոր է եղել, գիտությունների թեկնածու... Ուզում ենք հասկանալ՝ կասկածելի ասելով՝ ի՞նչ նկատի ունի»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը:

Պաշտպանի խոսքով՝ այս բոլոր արտահայտություններից ամենավիրավորականն, ամենածանրը Անդրանիկ Մանուկյանի համար այն է, որ Ուկրաինայի հետ հարաբերություններն իր մեղքով են  վատացել:

Մանուկյանի փաստաբանը նաև նշեց, որ մինչև դատական հայց ներկայացնելը նամակով դիմել են Արման Բաբաջանյանին՝ տեղեկացնելով, որ դատական վեճից հնարավոր է խուսափել արտադատարանական քննարկման միջոցով:  Քննարկման տեղն ու ժամն էլ թողել են Արման Բաբաջանյանի ցանկությանը, սակայն պատասխան չեն ստացել: Այդ պատճառով էլ հայց են ներկայացրել դատարան:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս