Ինչպես է կանխվել կողմերի բախումը. ոստիկանության մանրամասները բիլիարդ ակումբի օպերացիայից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 9, 24News

Փետրվարի 8-ի երեկոյան, Էրեբունու ոստիկանության քրեական հետախույզների՝ օրեր տևած ծավալուն և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և պարեկապահակետային գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների համագործակցությամբ, Էրեբունի վարչական շրջանի տարբեր հատվածներից և Մաշտոցի պողոտայից բաժին բերման են ենթարկվել 8 անձինք։

Հունվարի 21-ին, երկու անձ մարմնական տարբեր վնասվածքներով՝ այդ թվում կտրած-ծակած վերքերով, տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն։
Նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ էին ստացվել, որ հունվարի 20-ին, ժամը 23-ի սահմաններում, մի խումբ անձինք, բիլիարդի ակումբում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, ինչը զուգորդվել էր ակումբի գույքը վնասելով, բռնության, սուր կտրող-ծակող առարկա և ատրճանակ գործադրելով։

Նույն օրը հարուցվել էր քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով։
Դեպքի վայրի և դրա հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել և փորձաքննության ուղարկելու համար վերցվել է 12մմ տրամաչափի փամուշտ, նույն տրամաչափի՝ կրակված 3 պարկուճ և դանակ՝ արնանման հետքերով։

Նախաքննությամբ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածները զարմիկներ են։ Իրավապահներին տված ցուցմունքում երիտասարդները հայտնել էին, որ հունվարի 20-ին բիլիարդի ակումբ էին գնացել տաքսիով, սակայն դեպքի հանգամանքների, շարժառիթների և մասնակիցների վերաբերյալ տեղեկություն չէին հայտնել։ 

Ըստ տուժողների՝ չէին հիշում կամ չէին տեսել։

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառմամբ, տեղեկություններ են ստացվել հանցագործության կատարմանը առավել ակտիվ մասնակցած անձանց վերաբերյալ, որոնց հանցափաստի մեջ մերկացնելու համար առաջ են քաշվել մի շարք վարկածներ։
Ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։ Պարզվել են հանցագործության դրդապաճառները։ Օպերատիվ վերահսկողության տակ են առնվել կատարվածի պատճառահետևանքային բոլոր հնարավոր զարգացումները։ Պարզվել է դեպքի ընթացքում տուժողներին մարմանական վնասվասվածքներ պատճառած բոլոր անձանց ինքնությունը։

Բարդագույն պայմաններում Էրեբունու քրեական հետախույզներին օպերատիվ ճանապարհով հաջողվել է ձեռք բերել տեղեկություններ, որ հանցագործության գործիք ատրճանակը նրանք պահում են իրենց մոտ։ Բացի այդ, նրանց բնակության վայրերում պահվում է նաև այլ զենք-զինամթերք՝ երկու կողմերի միջև պայմանավորված, նախապես զինված, վրեժխնդրության նպատակով տեղի ունենալիք հանդիպման համար։
Ողջ ընթացքում պայթյունավտանգ իրավիճակը գտնվում էր ոստիկանության պրոֆեսիոնալ ծառայողների կատարյալ վերահսկողության տակ։ Եվ փետրվարի 8-ին, իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված, անդառնալիից ու արնահեղությունից խուսափելու նպատակով որոշում է կայացվել իրականացնել վնասազերծման օպերացիա՝ միաժամանակ խուզարկելով կասկածելի 16 անձանց բնակության հասցեները։

Ոստիկանություն բերման ենթարկված 8 անձանցից 4-ը՝ Նոր Արեշի բնակիչներ, 22-ամյա Ալբերտ Ժամհարյանը, եղբայրներ՝ Արմեն և Արսեն Գաբրիելյանները և Կոնդի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Մադոյանը ձերբակալվել են։

Արմեն Գաբրելյանի վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված 27 փամփուշտով, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, 9մմ տրամաչափի 18 և ինքնաձիգի 1 փամփուշտ, կաթուցիչ՝ դեղնականաչավուն զանգվածով։

Արսեն Գաբրիելյանի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել է 9մմ տրամաչափի փամուշտի կրակված 2 պարկուճ և 2 կաթուցիչ՝ մուգ շագանակագույն հեղուկով։
Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ կատարված խուզարկություններով հայտնաբերվել են որսորդական հրացաններ, սառը զենքեր, մահակներ, զինամթերք ու կաթուցիչներ։
Հանգամանքները պարզվում են։
Նախաքննությունը շարունակվում է։