Արեւելյա՞ն, թե՞ եվրոպական գործընկերություն. Զոհրաբ Մնացականյանը՝ Տալլինում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 9, 24News

Thumbnail

Փետրվարի 8-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Տալլինում մասնակցեց ԱլԳ երկրների 6-րդ տարեկան համաժողովին՝ նվիրված  Արեւելյան գործընկերության 10-ամյակին: Այդ մասին տեղեկացնում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Բացման խոսքով ելույթ ունեցավ  Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը, ապա ԵՄ-ում Ռումինիայի նախագահության ներկայացուցիչ Դանուտ Սեբաստիան Նեկուլեսկուն  ներկայացրեց նախագահության առաջնահերթություններն ու առաջիկա ծրագրերը։

Համաժողովի շրջանակներում «Էվոլյուցիայի տասնամյակ. գնահատելով ԱլԳ անցած տաս տարիները» քննարկմանը որպես բանախոս մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց էստոնական կողմին Արեւելյան գործընկերության հայեցակարգը եւ քաղաքականությունն առաջ մղելու գործում ունեցած շարունակական ջանքերի համար, ինչպես նաեւ՝ ԵՄ-ում Ռումինիայի նախագահությանը՝ իրենց նախագահության առաջնահերթությունների շարքում Արեւելյան գործընկերության տեսանելիությունը խրախուսելու համար:

Անդրադառնալով Արեւելյան գործընկերության 10-ամյակին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ այն հարթակ է, որը ծառայում է արեւելյան գործընկերների փոխգործակցությունը եվրոպական ուղղությամբ դյուրացնելու նպատակին:

Նա հավելեց, որ ԱլԳ միաժամանակ լավ գործիք է եվրոպական արժեքներին համահունչ եւ եվրոպական մոդելին համապատասխան ազգային ինստիտուտների կառուցման համար: Այս առումով ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ ներկայացնում է մի երկիր, որտեղ 2018թ. ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունը վստահաբար հնարավոր դարձավ նաեւ ավելի քան 27 տարվա ընթացքում ձեռք բերած ազգային ինստիտուցիոնալ կարողությունների շնորհիվ:

«Արեւելյան գործընկերությունը եղել եւ շարունակում է մնալ համագործակցության կարեւոր հարթակ: Միաժամանակ Արեւելյան գործընկերությունը  չի կարող անմասն մնալ առավել լայն կոնտեքստից եւ Եվրոպայի հետ հարաբերակցության տարբեր մակարդակներից: Եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության մակարդակը նույնպես կարեւոր է: Օրինակ, ես այսօր Տալլինում եմ նաեւ երկկողմ այցով: Էստոնիայի հետ ունենք արտակարգ օրակարգ՝ ուղղված երկկողմ փոխշահավետ համագործակցությունը խթանելուն, ինչպես նաեւ եվրոպական արժեքների համատեքստում եվրոպական օրակարգի առաջմղմանը նպաստելուն: Մենք նաեւ, որպես այդպիսին, կարեւոր հարաբերություններ եւ հարուստ երկկողմ օրակարգ ունենք Եվրոպական միության հետ: Մեր հարաբերությունների ներկայիս իրավական հենքը Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որն իրենից ներկայացնում է կարեւոր եւ արդյունավետ գործիք մեր բարեփոխումների օրակարգին աջակցելու եւ համագործակցությունը խորացնելու համար: Միաժամանակ մենք նաեւ այս կարեւոր լրացուցիչ հարթակի՝ Արեւելյան գործընկերության շահառուներն ենք»,- ընդգծեց նախարար Մնացականյանը:

Առանձնացնելով Արեւելյան գործընկերության գործառույթների երկու հարթակ՝ ԱԳ նախարար Մնացականյանը շեշտեց, որ առաջին հերթին այն Արեւելյան գործընկերների եւ Եվրոպական միության միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու եւ հնարավորինս խորացնելու գործնական մոտեցում է, ինչպես նաեւ մեր հասարակությունների լայն ներգրավումն այսօրինակ համագործակցության մեջ:

ԱԳ նախարարն ասաց, որ այն համագործակցություն չէ զուտ կառավարությունների միջեւ, եւ անցած 10 տարիների ընթացքում մեր հասարակությունները ներգրավվել են տարբեր այլ հարթակներում: Այս համատեքստում որպես դրական օրինակ նախարարը մատնանշեց գործարար համաժողովների անցկացումը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ եւս մեկ նմանատիպ միջոցառում էլ նախատեսվում է ռումինական նախագահության շրջանում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց Արեւելյան գործընկերության կողմից թվային օրակարգի առաջմղման եւ թվային տնտեսության խթանման շուրջ համագործակցության ծավալման համար ընձեռնված հնարավորությունները: Միաժամանակ վերջինիս կողմից ընդգծվեց քաղաքացիական հասարակության հարթակի եւ երիտասարդության դերն ԱլԳ օրակարգում՝ շեշտելով, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ազգային հարթակը կառավարության շատ կարեւոր գործընկերն է. վերջինիս հետ առկա է բավական սերտ համագործակցություն ինչպես ազգային հարթակի շրջանակներում, այնպես էլ՝ ԱլԳ մակարդակում:

«Արեւելյան գործընկերության մյուս հարթությունը վերաբերում է այս գործընկերության բնույթը եւ պատկանելիությունը հասկանալու շարունակական բանավեճին: Արդյո՞ք սա Եվրոպական միության 28 անդամ պետությունների գործընկերությունն է 6 արեւելյան գործընկերների հետ: Տասը տարի շարունակ մենք հարկադրված ենք վիճարկել այն ձեւավորված ընկալումը, որ Արեւելյան գործընկերությունը, ըստ էության, ավելի շատ գործընկերություն է Եվրոպական միության արեւելաեվրոպական անդամների եւ արեւելյան գործընկերների միջեւ: Իրականում առավել մեծ եւ կարեւոր մարտահրավեր է ճանաչել ընդհանուր արժեքների եւ եվրոպական ինքնության ընդհանրության բնույթը՝ որպես Արեւելյան գործընկերության առանցք: Այսպիսով, արդյո՞ք այն պետք է լինի Արեւելյան գործընկերություն, թե՝ եվրոպական գործընկերություն», - եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը:

Այնուհետեւ ԱԳ նախարար Մնացականյանը եւ քննարկման մյուս բանախոսները պատասխանեցին մասնակիցների բազմաթիվ հարցերի:

Տեսանյութեր

Live

Լրահոս