ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում անդրադարձ է եղել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

f60f829f35b8c9_60f829f35b910.jpeg

Ապրիլի 12-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը: 

Զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածում անդրադարձ է եղել այդ երկրում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին: Նշվում է, որ Ադրբեջանում տեղի են ունենում այնպիսի խախտումներ, ինչպիսիք են անօրինական սպանությունները, խոշտանգումները, իրավապահների կողմից դաժան վերաբերմունքը, ապօրինի ձերբակալությունները, քաղբանտարկյալների, արտերկրում գտնվող անհատների նկատմամբ քաղաքական ճնշումները:

Պետդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո սահմանի ողջ երկայնքով երբեմն բախումներ են լինում և որոշ դեպքեր մահվան կամ ձերբակալությունների պատճառ են դառնում: 

Նաև նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը խոստովանել է, որ Ադրբեջանում պահվում է 41 գերի, սակայն հերքել է այն պնդումները, թե ևս 25 հայ զինծառայողներ անհետացել են ձերբակալումից հետո: Զեկույցում նաև մատնանշում է հայ գերիների հանդեպ դաժան վերաբերմունքը, գերեվարված անձանց՝ արդար դատավարության իրավունքից զրկված լինելը, ինչպես նաև բռնի անհետացումների փաստերը։ 

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում ներկայումս կա 122 քաղբանտարկյալ։ Պետքարտուղարության զեկույցը հաստատում է, որ Ադրբեջանի կառավարությունը չի պատժել մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաների մեծ մասին, և որ անպատժելիությունը մնում է խնդիր այդ երկրի համար:

--00--ՀԶ