Ծաղկաձոր մարզահամալիրի մասնաշենքը 30 տարով անհատույց կհանձնվի ՀԱՕԿ-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել՝ 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստությունը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Ըստ այդ համաձայնագրի ՀԱՕԿ-ը Փարիզ–2024 ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստման 2022-2024 թվականների փուլային ծրագրի կազմման և իրագործման հետ կապված ստանձնում է հետևյալ պարտականությունները.

  1. Ծաղկաձոր քաղաքի նախկին Գլխավոր մարզահամալիրի 3-րդ մասնաշենքը, լողավազանը և կից մարզադահլիճը 30 տարով անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հանձնելու դեպքում, դրանք ամբողջությամբ հիմնանորոգել մեկ տարվա ընթացքում և դրա կառավարումը և շահագործումը իրականացնել Հայաստանի Հանրապետության և ՀԱՕԿ-ի հավասար մասնակցությամբ առևտրային կազմակերպության միջոցով։
  2. Յուրաքանչյուր տարի՝ սկսած 2022 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ, հիմնանորոգել մեկից երկու մարզադպրոց՝ այդ թվում սահմանամերձ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն էլ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից, պարտավորվում է ՀԱՕԿ-ի կողմից հիմնանորոգված մարզակառույցներն ապահովել անհրաժեշտ մասնագիտական մարզագույքով:

Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև Փարիզ–2024 ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը:

--00--ԱՀ