Ոչ թե 7,5, այլ 5 %․ ստացվում է՝ հեղափոխություն ենք արել, որ տնտեսական աճը նվազի․ Չալաբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կառավարության ծրագրին։ Գրառուկը՝ ստորև․

«Վաղը կառավարությունը Ազգային ժողով կներկայացնի իր ծրագիրը, և ես էլ շարունակում եմ ձեզ ներկայացնել նրա հիմնական բաժինների մասին իմ դիտարկումները։ Այսօր կխոսեմ տնտեսական զարգացման մասին, որը ծրագրի թերևս առավել տարօղունակ, և բարդ բաժինն է։ Ինչպես միշտ, կսկսեմ դրականից։

Ա) Ծրագիրը ընդհանուր առմամբ, շարադրված է բավական խելամիտ, և այնտեղ տեղ են գտել բազմաթիվ ուղղություններ, որոնց շուրջ մասնագետների շրջանում առկա է արդեն մի քանի տարվա ընթացքում ձևավորված համաձայնություն՝ օրինակ, որ շեշտը պետք է դնել արտահանման զարգացման վրա, համապատասխանաբար բարձրացնել տնտեսության միջազգային մրցունակությունը, կրթության և մասնագիտական վերապատրաստման միջոցով պայմաններ ստեղծել մարդկանց ժամանակակից տնտեսական գործունեության մեջ ներգրավվման համար, ապահովել պայմաններ ներքին շուկաներում արդար մրցակցության և արտասահմանյան ներդրումների ներգրավվման համար։ 

Բ) Այս գաղափարներից շատերը հայտնվել են այս ծրագրում նախորդ կառավարության ծրագրից, և դրանց ուղղությամբ արդեն 2017 թվականի ընթացքում բավական աշխատանք է իրականացվել, դա հնարավորություն է տալիս շարունակականություն ապահովել, և տնտեսությունը հիմնականում պաշտպանել անկանխատեսելի ցնցումներից՝ կապված սեփականության վերաբաշխման, խաղի կանոնների կտրուկ փոփոխության, տնտեսական տարբեր խմբերի միջև հակասությունների սրման հետ։

Գ) Ծրագրի մեջ զգալի շեշտադրում է արված խաղի արդար կաննորնների ապահովման, և տնտեսության ներառական զարգացման վրա, այն, ինչ փաստացի բացակայում էր նախորդ իշխանությունների մոտեցումներում, և ինչը արդյունքում և հանգեցրեց հանրային դժգոհության աճի և անցյալ տարվա հեղափոխական իրադարձություններին։ Եթե նոր իշխանությունը կարողանա իսկապես հիմնական շուկաներում խաղի արդար, թափանցիկ և համահավասար կաննորներ ապահովելով, դրանով արդեն այն մեծ զարկ կտա տնտեսական զարգացմանը։ 

Անցնեմ ծրագրի խնդիրներին, ակնկալիքով, որ իշխանությունները դրանք հասցեագրելու կարողություն կունենան։ 

Ա) Ծրագրում ամեն քայլափոխին խոսվում «տնտեսական հեղափոխության մասին», վարչապետն էլ բազմիցս է խոսել «թռիչքաձև աճի մասին»։ Սակայն ծրագրում ամրագրած տնտեսական աճի թիրախը ընդամենը համեստ տարեկան 5% է ֆիքսված։ Համեմատության համար նշեմ, որ մեզնից մեկ շնչի հաշվով համարյա կրկնակի հարուստ Չինաստանը վերջին տարիներին աճում է տարեկան 7%, իսկ մեկ տասնամյակ առաջ աճում էր 10% տեմպով։ Եթե մենք տարեկան 5% տեմպով աճենք, մեզ մոտ գործազրկությունը դեռ երկար կմնա բարձր մակարդակի վրա, իսկ հայրենադարձության մասին խոսք լինել չի կարող, քանի որ բավարարա քանակությանմբ նոր աշխատատեղեր չեն առաջանա։ Հիշեցնեմ նաև, որ 2017 թ․ և 2018 թ․ առաջին կեսին Հայաստանում տնտեսական աճի տեմպը կազմել է ավելի քան 7,5%․ ստացվում է, որ մենք հեղափոխություն ենք արել, որ մեր մոտ տնտեսական աճը նվազի, սա ծրագրի ամենաանհեթեթ դրույթն է։

Բ) Որքան էլ շատ ծրագրում լինեն բարի ցանկությունները, բոլորիս համար ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսության մեջ կուտակվել են լուրջ հակասություններ, որոնք խելամիտ լուծումներ են պահանջում, օրինակ, հանքաարդյունաբերության զարգացման և բնական միջավայրի պահպանության միջև, գյուղատնտեսության համար բավարար ոռոգման ջրի ապահովման, և այդ ոռոգման ենթակառուցվածքի համար անհրաժեշտ հսկայական միջոցների միջև, փոքր ձեռնարկությունների զարգացման համար արտոնություններ տրամադրելու, և հարկայաին եկամուտների անխուսափելի նվազման միջև, ներքին շուկաների ազատականացման և տնտեսական օլիգարխիայի գերիշխող ազդեցությունը սահմանափակելու միջև։ Այս հակասությունները նախկինում չեն լուծվել, և հիմա էլ չեն լուծվում՝ արդյունքում, անցյալ տարի մենք ոչ միայն չենք ունեցել որևէ թռիչքաձև աճ, այլև հանքաարդյունաբերությունը և գյուղատնտեսությունը կտրուկ անկում են ապրել, հսկայական քանակությամբ մարդիկ գործազուրկ են մնացել կամ սննակացել են, և ոչ մի երաշխիք չկա, որ նույնը այս տարի չի կրկնվի։

Գ) Ծրագրի այս հատվածը, ինչպես և մնացածները, չունի հստակ չափորոշիչներ և չափելի արդյունքներ, բացառությամբ արդեն նշած տնտեսական աճի ուղենիշի, և տնտեսության մեջ արտահանման թիրախային բաժնի։ Տնտեսության կարևորագույն ճյուղերում, ինչպիսին զբոսաշրջությունն է, ծրագիրը ընդհանրապես լուրջ նահանջ է նախորդ կառավարության ծրագրի կոնկրետությունից, որը ուներ գործողությունների շատ ավելի հստակ պլան։ Ընդհանրապես, շատ դժվար է այսպիսի ծրագրով գնահատել, Կառավարության հաջողության հասել է, թե ոչ, որովհետև ամենուրեք նկարագրված են գործունեության ուղղություններ, բայց նկարագրված չեն կոնկրետ նպատակներ։

Ամփոփելով, կուզենայի նշել, որ այսպիսի ծրագիրը թեև թռիչքաձև աճի չի բերի, սակայն կարող է բավական դրական արդյունքների բերել, եթե կառավարության ներսում լինի ուժեղ տնտեսական թիմ, որը հետևողականորեն աշխատում է բոլոր նշած ուղղություններով, ճկուն արձագանքում է գործարար համայնքից եկած ուղերձներին, օպերատիվ լուծում է առաջացող խնդիրները և հակասությունները, և փորձում է ամենուրեք թեկուզ ոչ մեծ, բայց շոշափելի դրական արդյունքներ արձանագրել։ Նախորդ տարվա փորձը այդպիսի լավատեսության հիմքեր դեռ չի տալիս, իսկ նախարարությունների քանակի կրճատումն էլ նոր հարցականներ է առաջացնում (օրինակ, գյուղատնտեսության զարգացմանը պետական աջակցության մասով), ուստի Կառավարությունը դեռ պետք է ցույց տա, որ այն յուրացրել է անցած տարվա դասերը, ընդունակ է էապես ուժեղացնել իր տնտեսական թիմը, և իրական տնտեսական արդյունքներ արձանագրել»։