ՌԴ-ն վճռական է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն աջակցելու հարցում. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

զախարովա

Ռուսաստանը վճռական է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն աջակցելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով խաղաղության հնարավոր պայմանագրի վերաբերյալ հարցին:

«Ինչպես ավելի վաղ նշել էինք, Բաքվի կողմից առաջարկված «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքները» և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների մեկնարկի համար»,-ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ թեման քննարկվել է ՌԴ նախագահի՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցներում, ինչպես նաև դրա նախորդ օրը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարարի՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ ունեցած զրույցում, նաև՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում:

« Ռուսաստանը վճռական է տրամադրված՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,-ասել է Զախարովան:

Նա նշել է, որ փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

«Մինչդեռ Հարավային Կովկասի իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ։ Պահանջվում են հետագա հետևողական քայլեր՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար, քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան որպես համանախագահներ դադարեցրել են համագործակցությունը»,-ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր պաշտոնում՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով։  Զախարովայի խոսքով՝ նրա ուշադրության կենտրոնում կլինի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Նա ասել է, որ բաց են՝ շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար:

--00--ԱՀ