Մեր ամոթն է, խղճի փորձաքարը․ Սամվել Խալաթյանը կոչ է անում այցելել հացադուլ անող ռեժիսորին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

Արձակագիր, դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հացադուլի հարցով կոչով դիմել է արվեստագետներին: Հայտարարությունը՝ ստորև․

«Հայաստանի գրողների, թատերական գործիչների, ժուռնալիստների, կինեմատոգրաֆիստների, կոմպոզիտորների, նկարիչների, ճարտարապետների միությունների նախագահներին,  մշակույթի գործիչներին.

Հարգելի՛ գործընկերներ, մեկ շաբաթից ավելի է, ինչ հացադուլի մեջ է ռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը: Ստեղծագործող մարդու կյանքը վտանգված է:

Չխորանալով հանրահայտ մանրամասների մեջ՝ հարկ եմ համարում միայն նշել, որ մենք իրավունք չունենք կողքից նայելու նմանօրինակ իրավիճակին, որը կարող է հանգեցնել ողբերգության: Սա մեր ամոթն է, պատվախնդրության ու խղճի փորձաքարը:

Ուստի, կոչ եմ անում եւ խոնարհաբար խնդրում եմ

1. այսօր իսկ ստեղծագործական միությունների ղեկավարների, մշակույթի գործիչների կազմով այցելել հացադուլի մեջ գտնվող մեր գործընկերոջը՝ հորդորելով դուրս գալ հացադուլից:

2. քննարկել և գրավոր կերպով մեր ձայնը բարձրացնել ստեղծված թնջուկի ողջամիտ ժամկետում իրավական լուծում տալու համար:

Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը. սա կինոռեժիսորի արդեն երկրորդ հացադուլն է։ Առաջին հացադուլը դեկտեմբերի 2-ից 12-ն էր։ Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպելուց և երաշխիքներ ստանալուց հետո, կինոռեժիսորը դադարեցրեց հացադուլը, սակայն խնդրին, նրա խոսքով, այդպես էլ լուծում չտրվեց։

Հիշեցնենք, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկել են դեռ 2015-ին, և Հովհաննես Գալստյանն Ազգային կինոկենտրոնի հետ պայմանագիր է կնքել առ այն, որ վերջինս 2016-18 թթ․ կհատկացնի ֆիլմի բյուջեի մինչև 30 %-ը՝ 88 մլն դրամ, սակայն 2018 թվականին կինոկենտրոնը մերժել է ֆինանսավորման հայտը։ Արդյունքում ֆիլմի նկարահանման աշխատանքները կասեցվել են։ Կինոռեժիսորը փոխանցեց, որ նկարահանվել է միայն 40 րոպե։ Հավելենք, որ հայ–գերմանա–բուլղարական համատեղ նախագիծ հանդիսացող այս ֆիլմի ֆինանսավորման մյուս մասը տրամադրում են բուլղարական եւ գերմանական ընկերությունները։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս