Այս տարի նշվում է Հայաստան-Ճապոնիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

 

gsf

Կարևորելով հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը և մշակութային երկխոսության ամրապնդումը՝ Ազգային ժողովի այգում ապրիլի 15-ին նշվել է Հանամիի տոնը, որը Ճապոնիայում խորհրդանշում է բերքը մեծարելը, ինչպես նաև բրնձի աճեցման ժամանակը հայտարարելը: Այս տարի նշվում է Հայաստան-Ճապոնիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս մասին տեղեկացում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:

«Այս օրվա մեղավորները սակուրաներն են, որոնք կրելով ճապոնական արմատները՝ ամրացել են հայկական հողում և խորհրդանիշն են դարձել հայ-ճապոնական բարեկամության»,- շեշտել է ճապոնագետ Աննա Վարդանյանը:

«Երբ մենք խոսում ենք երկու երկրների հարաբերություններից ու բարեկամությունից, կարծում եմ՝ ամենակարևորը, որ պետք է հիշատակենք, երկու երկրները կապող մշակույթն է»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը:

Պատգամավորը նշել է, որ Հանամիի տոնակատարությունն ԱԺ պուրակում կազմակերպելու այս ավանդույթը ձևավորվել է յոթ տարի առաջ՝ 2015թ.: Այդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ եւ Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծման 70-րդ տարելիցն էր: Նա ընդգծել է, որ այս տոնակատարությունը խորհրդանշում է ոչ թե տխրություն, այլ՝ վերածնունդ:

ՀՀ Ճապոնիայի դեսպանության խորհրդական Կազույա Հարադան ողջունել է հյուրերին և կոչ է արել վայելել գարնան խորհրդանիշ հանդիսացող գեղեցիկ սակուրաները:«Ոմանք ասում են, որ Հայաստանի կլիմայական պայմաններում սակուրա աճեցնելն այդքան էլ հեշտ չէ, սակայն այստեղ սակուրաները տարեցտարի աճում ու ծաղկում են, ճիշտ այնպես, ինչպես զարգանում են ճապոնահայկական հարաբերությունները»,- ասել է Կազույա Հարադան:«Մեր երկու հնամենի ազգերից յուրաքանչյուրն ունի գարնանը նվիրված իր տոնը: Գարնան առաջին ծաղկունքի հետ մենք՝ հայերս, նշում ենք Ծաղկազարդը, իսկ ճապոնացիները տոնում են Հանամին»,-ասել է «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը:

Սակուրաներն այս տարի զարդարվել են խաղաղություն խորհրդանշող սպիտակ եւ վարդագույն թղթե կարապներով:

--00--ՍԳ