Ի՞նչ էր ուզում ԵՄ-ն Բրյուսելում. օգնել Երևանին ու Բաքվին, թե՞ ՌԴ-ին դուրս թողնել գործընթացից. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից, մշտապես ակտիվ աշխատել է այդ ձևաչափում, սակայն արևմտյան մեր գործընկերներն իրենց հավակնությունների ու աշխարհաքաղաքական շահերի պատճառով չեն ցանկանում համագործակցել Ռուսաստանի հետ, ինչի հետևանքով տուժում են տարածաշրջանի երկրների, մասնավորապես Հայաստանի շահերը։ Այս մասին 24TV-ի «Позиция с Серобом Оганяном" հարցազրույցի շրջանակներում նշել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ներկայացնում ենք ամբողջական հարցազրույցը։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքումը։

-Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնում առաջ գնալ կարգավորման, խաղաղության պայմանագրի պատրաստման ճանապարհով։ Ռուսաստանն ի սկզբանե աջակցել է այդ նպատակներին, և, ընդհանրապես, հարաբերությունների կարգավորման արմատները գտնվում են այն եռակողմ համաձայնություններում, որոնք ձեռք են բերվել վերջին տարիներին։ Ես ի նկատի ունեմ այն հայտարարությունները, որոնք ընդունվել են  2020 թ-ի նոյեմբերի 9-ին, 2021 թ-ի հունվարի 11-ին և 2021 թ-ի  նոյեմբերի 26-ին։ Այսինքն, Հայաստանի և Ադրբեջանի տաևրատեսակ փոխհարաբերությունները արձանագրվել են այդ հայտարարություններում։ Կրկնում եմ, Ռուսաստանը մշտապես հանդես է եկել հարաբերությունների կարգավորման օգտին, միշտ պատրաստակամություն է ցուցադրել օգտակար լինել այդ գործընթացին։ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի դերակատարությունն ուղղված է եղել հենց այդ նպատակին։ Պետք է ասեմ, որ մենք հիմա ունենք ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի կարգավորման հարաբերություններին աջակցելու հարցերով, որը պետք է աշխատի այն չափով, որ չափով կարող է օգտակար լինել կողմերին։

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունն առաջիկայում։

-Չէի ցանկանա գուշակություններով կամ կանխատեսումներով զբաղվել, կրկնում եմ, որ երկու կողմերի պատրաստակամությունը՝ շարժվել այդ ճանապարհով, դրական է, Ռուսաստանն էլ պատրաստ է աջակցել գործընթացին։

-Դուք խոսեցիք Մինսկի խմբից։ Մոսկվայում հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մինսկի խմբի ամբողջ գործունեությունը կասկածի տակ է, որովհետև Ֆրանսիան ու ԱՄՆ-ն չեն ցանկանում համագործակցել ՌԴ-ի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ այնուամենայնիվ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պատրաստ են աջակցել այս գործընթացին Մինսկի խմբի շրջանակներում։ Հիմա կա՞ այս հարթակը, թե ոչ։

- Ես չէի ասի, որ Ռուսաստանը կասկածի տակ է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Մենք այս ձևաչափին միշտ աջակցել ենք, ակտիվ աշխատել ենք այնտեղ և երբեք չենք ասել, որ դրանց հրաժարվում ենք։ Ինչպես ասաց մեր նախարարը, կապված է  Մինսկի խմբի մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ։ Այստեղ հարցը պետք է Ռուսաստանին չուղղել։ Պետք է նշեմ, այդ մասին խոսել է նաև մեր նախարարը, որ Մինսկի խմբում համատեղ աշխատանքի նկատմամբ մոտեցումը նույնական է այն մոտեցմանը, որը դրսևորում է Արևմուտքը ՌԴ-ի մասնակցությամբ այլ ձևաչափերին, այդ թվում և այն հարցերում, որոնք կապված են ճգնաժամային իրավիճակների լուծման հետ։ Այսինքն, նրանց ամբիցիաների, աշխարհաքաղաքական շահերի  պատճառով, քանդվում են այն մեխանիզմները, միջազգային ձևաչափերը, որոնք ծառայում էին աշխարհի տարբեր երկրներում անվտանգության բարձրացմանը։ Ցավալի է, որ խաղաղությունն ու անվտանգությունը, տարածաշրջանի երկրների, մասնավորապես Հայաստանի շահերը, զոհ են գնում աշխարհաքաղաքական և այլ շահերի։

-Ի վերջո, այս ձևաչափն ապագա՞ ունի։ Մինսկի խումբը շատ հաճախ են հիշում հակամարտության լուծման համար, բայց հիմա ստացվում է այնպես, որ այն չի աշխատում։

-Կարծում եմ, որ այս հարցը պետք է տալ նրանց, ովքեր արգելափակել են աշխատանքը Մինսկի խմբի։ Ռուսաստանը, կրկնում եմ, երբեք չի հրաժարվել այս ձևաչափից և ակտիվ աշխատել է այնտեղ։

-Հիմա եվրոպացիները բավական ակտիվ փորձում են մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը։ Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ բազմակի հանդիպումներ են եղել, վերջին անգամ Բրյուսելում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Ինչպե՞ս է Մոսկվան գնահատում ԵՄ ջանքերը այս ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ հայ քաղաքագետների մի մասը կարծում է, որ Եվրոպան ամեն ինչ անում է Մոսկվային այս գործընթացից դուրս թողելու համար։ Մանավանդ որ վերջին հանդիպման հայտարարության մեջ Մոսկվայի մասին ոչ մի խոսք չկա։

-Դե, ինչ որ ասում են քաղաքագետները, երևի հիմք ունի, հակառակ դեպքում նրանք այդ մասին չէին խոսի։ Ես ուզում եմ ասել, որ Ռուսաստանը աջակցում է ցանկացած գործընթացի, որն ուղղված է խնդիրների իրական լուծմանը, կայունության ու խաղաղության հաստատմանը, լարվածության բացառմանը։ Բայց դուք շատ ճիշտ նկատեցիք, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով ԵՄ-ի վերջին հայտարարությունում Ռուսաստանի մասին չի հիշվել, չնայած բոլոր նշված կետերը բխում են ՌԴ-Հայաստան-Ադրբեջան նախկինում արված ու իմ կողմից հիշատակված հայտարարություններից։ Ու այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչն է Եվրամիության համար ավելի կարևոր՝ գործընթացին իսկապես աջակցե՞լը, որում Ռուսաստանն առանցքային դերակատարություն ունի, թե իր աշխարհաքաղաքական խնդիրների լուծման փորձ, այդ թվում և Ռուսաստանին դուրս թողնելը այս գործընթացներից։ Հարցեր կան, այդ մասին խոսել է նաև մեր ԱԳ նախարարը։

-Հնարավո՞ր համարում եք այնպիսի զարգացում, որ Ռուսաստանի այժմյան հակառակորդները, մրցակիցները կարողանան ՌԴ-ին դուրս դնել տարածաշրջանային գործընթացներից։

- Ես կարծում եմ, որ ի տարբերություն նրանց, ում դուք ի նկատի ունեք, Ռուսաստանն օրգանիկ կերպով է ներկա այս տարածաշրջանում։ Մենք դարերով ապրել ենք այստեղ, ապրել այն ժողովուրդների հետ, որոնք այստեղ ապրում են՝ հայերի, վրացիների, ադրբեջանցիների հետ։ Մեր շահերը մեծապես կախված են այս տարածաշրջանի հետ։ Ընդ որում, ես չեմ խոսում աշխարհաքաղաքական, այլ շատ ավելի լայն շահերի մասին։ Ռուսաստանը կողքից խաղացող չէ այս տարածաշրջանում։ Պատմականորեն և այս իրավիճակից ելնելով Ռուսաստանը օրգանապես բոլոր տարածաշրջանային գործընթացների մասնակից է։ Այս առումով Ռուսաստանին դուրս թողնելու մասին խոսելը տարօրինակ և անպատասխանատու է։ ՌԴ-ն օբյեկտիվորեն ունի այստեղ կարևոր քաղաքական, տնտեսական և անվտանգային դերակատարություն։ Կրկնում եմ, ՌԴ-ն բազմաթիվ թելերով կապված է այս երկրների հետ՝ այդ թվում միջանձնային մակարդակով։ Մենք այս տարածաշրջանի օրգանիկ մասն ենք։ Ինչպես կարելի է գնահատել ՌԴ-ին տարածաշրջանից դուրս թողնելու նպատակները։ Համենայն դեպս, տարածաշրջանի համար մեղմ ասած օգուտ չի բերի։ ՌԴ-ի համար շատ կարևոր է տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունները։ Հայաստանի հետ եղբայրական, դաշնակցային հարաբերություններ ունենք, որոնք պատմականորեն ձևավորված են։

-Լեռնային Ղարաբաղում շատ լարված վիճակ է։ Չնայած նրա, որ բոլորի ուշադրությունը այլ ուղղության վրա է, բայց գոնե ինձ համար ակնհայտ է, որ 2020-ի ԼՂ-ում պատերազմը նախապատրաստություն էր՝ հասկանալու, թե ինչպես կարձագանքի միջազգային հանրության այս կամ այն հատվածը։ Երևանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե  Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց ռուսական խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող գոտում՝ Փառուխ գյուղում։ Հայաստանից բարձրագույն մակարդակով պահանջ է դրվում ռուս խաղաղապահների անգործությունը հետաքննել։ Ինչպե՞ս են Ռուսաստանում վերաբերվում այս պահանջին։

-Ես կրկին հղում կանեմ մեր ԱԳՆ-ի նախարարի հայտարարությանը, որն, ի պատասխան հետաքննություն անցկացնելու հրապարակային պահանջներին, ասել է՝ մեր խաղաղապահները շատ կարևոր դերակատարություն ունեն։ Նրանց նկատմամբ թե՛ Հայաստանում և թե՛ Ղարաբաղում վերաբերմունքը պաշտոնական շրջանակներում և բնակչության մոտ բավական դրական է։ Այդ պատճառով այսպիսի պահանջները դժվար թե արտացոլում են այն վերաբերմունքն ու իրական դերը, որն ունի խաղաղապահ զորամիավորումը Ղարաբաղում։

-Ադրբեջանի զինված ուժերի ակտիվացումն Արցախում տեղի ունեցավ երկու-երեք շաբաթ հետո Ուկրաինայում գործողություն սկսելուց հետո։ Սկզբից Ադրբեջանում ամեն ինչ հանգիստ էր, և մենք բավական հանգիստ էինք նույնպես՝ հասկանալով, որ հենց էնպես չեն հանդիպել Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, և այն բավական բուռն արձագանք ունեցավ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ուկրաինայում։ Ի դեպ, Ուկրաինայի Պետդումայի կայքում հրապարակում եղավ, որ Ադրբեջանը գրեթե բացել է երկրորդ ճակատ, կային կոչեր՝ ուղղված դրան։ Ինչպես եք դուք կարծում, հնարավո՞ր է լուրջ լարում Ղարաբաղում, հնարավո՞ր է, որ աշխարհաքաղաքական խաղացողները, որոնք իսկապես ցանկանում են այստեղ երկրորդ ճակատ բացել, հասնեն հաջողության։

-Այն, որ ուկրաինական կողմից նման կոչեր կլինեն, մեզ համար զարմանալի չէ։ Իհարկե, մեզ համար գաղտնիք չէ, որ  կան աշխարհաքաղաքական խաղացողներ, որոնք շահագրգռված են Ռուսաստանի համար հավելյալ լարվածության օջախներ ստեղծել։ Ինչ վերաբերվում է Փառուխում տեղի ունեցածին, այստեղ էլ Ռուսաստանը շատ հանրային հայտարարություններ է արել, մեր տեսակետը հստակ է։ Այսպիսի հարցերում կարևոր դեր ունի խաղաղապահների, ընդհանրապես ռուսական կողմի ունեցած կոնտակտները հակամարտության բոլոր կողմերի հետ։ Այս կապերը, կոնտակտները Ռուսաստանի կողմից ամբողջապես օգտագործվում են։ Կողմերը հստակ ազդակ են ստանում, որ անհրաժեշտ է անվերապահ կատարել բոլոր այն հանձնառությունները, որոնք արձանագրված են 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով։ Եվ ռուսական խաղաղապահները գետնի վրա նույնպես ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակը հարթվի, որպեսզի համաձայնություններն ամբողջությամբ իրականացվեն և թույլ չտրվի լարվածություն։ Ես այս թեման հենց այս ուղղությամբ կտանեի։ Պարզ է, որ դրսից եղել և կլինեն փորձեր հավելյալ լարվածություն ստեղծել, չի կարելի դա բացառել, բայց ես ավելի շատ սա կդիտարկեի մեր համագործակցության այս ձևաչափներում։

- Հայաստանն ու Ռուսաստանը նշում են իրենց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հասկանալի է, որ մեր դիվանագիտական հարաբերությունները դարերի պատմություն ունեն։ Եթե հիմա փնտրենք, կարող ենք խոսել Գրիբոյեդովի և այլ կարևոր մարդկանց մասին։ Բայց հիմա 30-ամյակն է։ Ո՞ր ոլորտներում եք դուք տեսնում հնարավորություն զարգացնել փոխգործակցությունը, ի՞նչ է անհրաժեշտ վերանայել, նոր կողմից դիտարկել։

- Այո, կրկնակի հոբելյանական տարի է՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության» համաձայնագրի 25 տարին է։ Լավ առիթ է հասկանալու համար, թե ինչ ունենք, ինչի կարիք ունենք, ինչ դեռ պետք է անել։ Եվ դա արվում է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մյուս շաբաթ սպասվող այցը Ռուսաստան հենց կարևոր է այս տրամաբանության մեջ։ Գնահատելով մեր հարաբերությունները՝ ես, այնուամենայնիվ, կցանկանայի ընդգծել, որ ընթացիկ հարցերի հետ միասին պետք չէ բաց թողնել կարևորը, որ մեր հարաբերություններն ինչպես եղել, այնպես էլ կմնան եղբայրական, դաշնակցային և մեր երկրների համար շատ կարևոր։ Ես կարծում եմ, որ այս գիտակցությամբ էլ առաջնորդվում են երկու երկրները՝ չնայած բոլոր այն խնդիրներին, որ կան տարածաշրջանում և աշխարհում։ Այս մասին վկայում են փաստերը՝ Ռուսաստանը Հայաստանի ամենասերտ գործընկերն է տնտեսության, առևտրի, ներդրման ոլորտներում։ Մենք ունենք մշակութային-լեզվային ընդհանուր տարածություն, որը պատմականորեն է ձևավորվել։ Եվ հիմա, իհարկե, կարևոր է այն ամրացնել, հարմարեցնել նոր պայմաններին։ Այս առումով շատ բան է արվում։ Որպես օրինակ՝ վերջերս սկսել է կրթական գերատեսչությունների աշխատանքային համատեղ խմբի գործունեությունը, որը վերաբերվում է Հայաստանում ռուսաց լեզվի հետ կապված հարցերին։ Սա, իսկապես, շատ հստակ հարց է՝ ռուսական դպրոցներ, ռուսաց լեզվի դասավանդում, դասավանդվող գրականություն։ Այսինքն, հարցերի մի ողջ շրջանակ է, որը քննարկվում է, և շատ բան էլ արվում է այդ ուղղությամբ։ Իհարկե, արվածը քիչ է, պետք է ավել անել...

-Հնարավո՞ր է, որ Երևանում բացվի ռուսական դպրոց։

-Կարծում եմ, որ կա նման հնարավորություն, հիմա քննարկվում է հարց, որպեսզի «Գազպրոմ Արմենիայի» կառուցած դպրոցում կառուցվի ռուսական սեկտոր։ Կա հայկականը, որը մի քանի տարի բավական հաջող աշխատում է։ Բայց ես չեմ բացաոում, որ կարող են լինել նաև այլ նմանատիպ նախագծեր։ Համենայն դեպս, Հայաստանի ղեկավարությունն այս հարցում հայտնել է իր պատրաստակամությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։