Իրացման շուկայում արձանագրվել է բավարար քանակությամբ ձվի առկայություն. ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ձու.jpeg

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է՝ նկատի ունենալով 2021 թվականին Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ ձվի իրացման շուկայում արձանագրված իրավիճակը՝ կապված ձվի դեֆիցիտի և գնի ուռճացման հետ, ինչպես նաև 2022 թվականի տարեսկզբին ստեղծված իրավիճակին արձագանքելու և առկա ռիսկերը գնահատելու նպատակով՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախաձեռնել էր վերահսկողական միջոցառումներ ձվի արտադրության և իրացման շուկայում:

Ամփոփելով իրականացված պետական վերահսկողության արդյունքները՝ արձանագրվել է հետևյալ պատկերը՝

1. վերահսկողություն է իրականացվել ձվի 10, այդ թվում նաև՝ բոլոր խոշոր արտադրողների մոտ՝ «Լուսակերտ Էլիտ» ՍՊԸ, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ («Շիրակի ձու» ապրանքանիշ), «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Աշտարակ ձու» ՍՊԸ, «Մյաս» ՍՊԸ («Ձու սննդային» ՏՊ), «Գնթունիք» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Ջանիկ Գյորգյան, «Գնդեվազ-ֆարմ» ՍՊԸ, «Սանփաուեր» ՍՊԸ:

2. Վերահսկողական միջոցառումներ են իրականացվել նաև իրացման ցանցում, որի շրջանակներում կատարվել են ձվի նմուշառում և լաբորատոր փորձաքննություններ՝ որոշելու համար ձվի թարմությունը: Ըստ այդմ՝ մի քանի տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է չմակնշված ձվի խմբաքանակ, որի իրացման նկատմամբ սահմանվել է հսկողություն: Խմբաքանակի իրացումը թույլատրվել է միայն արտադրման օրվան համապատասխանող մակնշում անելուց հետո.

երկու արտադրողի մոտ հայտնաբերվել է «Բ» դասի թռչնի ձու, որը թույլատրվում է իրացնել միայն արտադրական նպատակներով: Տվյալ խմբաքանակները վաճառվել են արտադրող կազմակերպություններին՝ այդ մասին ծանուցելով տեսչական մարմնին.

իրացման ցանցում ևս արձանագրվել է «Բ» դասի ձվի իրացման փորձ, որը տեսչական մարմնի կողմից կանխվել է, իսկ խմբաքանակի իրացումը՝ կասեցվել.

իրացման ցանցում հայտնաբերվել է նաև պիտանիության ժամկետն անցած հավի ձու, որի համար տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, կայացվել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշում։

3. Տեսչական մարմինի կողմից սահմանվել է հսկողություն տրված կարգադրագրերի և հանձնարարականների կատարման ընթացքի նկատմամբ։

Ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում 2022 թ. ապրիլի 17-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ, իրացման շուկայում արձանագրվել է բավարար քանակությամբ ձվի առկայություն, ինչը նպաստում է նաև դրա գնի արհեստական ուռճացման բացառմանը: Ավելին՝ շուկայում նկատվում է ձվի գնի նվազում:

Այս պահին թռչնամիս և ձու արտադրողների մոտ իրականացվում է անասնահամաճարակային մշտադիտարկում:

--00--ՀԶ