Հայկական զորախումբը Սիրիա գործուղելու փաշինյանական որոշումը ապօրինի է․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու գործարքի մասին՝ այն անվանելով «ապօրինի»։ 

«Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու գործարքի հետ կապված սկանդալը շարունակվում է: Երեկ Հայաստանի ՊՆ-ի կողմից որպես իրավապայմանագրային հիմք հիշատակված Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը (27 օգոստոսի, 2001 թ. Դամասկոս) չէր կարող հիմք հանդիսանալ ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումը Սիրիա ուղարկելու համար:

Ահա թե ինչու:

Իրավական գործընթացի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշված համաձայնագիրը վավերացվել է 2002 թվականին ՀՀ նախագահի կողմից: Այն չի անցել Սահմանադրական դատարանում եզրակացության և Ազգային Ժողովում վավերացման գործընթացը, քանի որ համաձայնագրի տեքստը այդ պահին գործող «Միջազգային պայմանագրերի» մասին ՀՀ օրենքի համաձայն չէր պարունակում Հայաստանի Ազգային Ժողովի կողմից վավերացման անհրաժեշտության տարրեր: Մասնավորապես համաձայնագրում չկային Հայաստանի կողմից ֆինանսական պարտավորությունների և զինված ուժերի ստորաբաժանումներ գործուղելու դրույթներ:

Հետևաբար, նշված համաձայնագրի վերաբերյալ գործող իշխանությունների մեկնաբանությունները բացառապես կամայական են և ակնհայտորեն հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու ՀՀ օրենքներին:
Կառավարության կողմից բերվող անհիմն բացատրությունները ստեղծում են նաև վտանգավոր նախադեպեր․

1. Գործադիր իշխանության կողմից Զինված ուժերի օգտագործումը նեղանձնական քաղաքական նպատակների համար, շրջանցելով երկրի օրենսդիր մարմինը և սահմանադրական դատարանը:

2. Եթե հիմք ընդունվի վկայակոչվող բացատրությունը, ապա հետայսու Հայաստանը կարող է զորք ուղարկել ցանկացած երկիր, որի հետ ունի ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր՝ անկախ այն հանգամանքից, որ այդ համաձայնագրերը չեն նախատեսում նման գործարք:

Այսպիսով եզրակացնում ենք, որ հայկական զորախումբը Սիրիա գործուղելու փաշինյանական որոշումը ապօրինի է, չունի որևէ իրավական հիմնավորում և կարող էր արվել բացառապես նոր միջազգային պայմանագրի հիման վրա»: