Հայաստանի 32 ընկերություն Մոսկվայում կմասնակցի «Պրոդէքսպո» ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

«Բիզնես Արմենիայի» աջակցությամբ հայաստանյան 32 ընկերությունն փետրվարի 11-15-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում են «Պրոդէքսպո» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսին։ Այդ մասին տեղեկացնում է հիմնադրամի հանրային կապերի բաժինը։

Անցած տարի նույն էքսպոյից հայաստանյան 21 արտադրողներ վերադարձել են 5,7 միլիարդ դրամի արտահանման պայմանագրերով։

«Հաշվի առնելով ցուցահանդեսին մասնակցության արդյունքներն ու արտադրողների հետաքրքրությունը, «Բիզնես Արմենիան» այս տարի մեծացրել է միջազգային ցուցահանդեսին մասնակցության մասշաբները. 21-ի փոխարեն իր արտադրանքը ներկայացնում է 32 արտադրող, իսկ միասնական տաղավարը 181 քմ-ի փոխարեն զբաղեցնում է 207 քմ տարածք»,- նշել է «Բիզնես Արմենիայի» արտահանողների աջակցության խմբի ղեկավար Մարկուս Ազադյանը։

Արտադրողները միջազգային խոշոր գնորդներին ու դիստրիբյուտորներին կներկայացնեն կիսապատրաստվածքներ, մրգային, բանջարեղենային, ձկնային ու մսային պահածոներ, ջեմեր, մրգային օղիներ, բրենդի, լիկյոր, ջին, գինի, կաթնամթերք, պանիր, չիր, շոկոլադ, գարեջուր, սուրճ, թեյ, մակարոնեղեն, հալած յուղ և այլն։