Արմավիր գյուղի բնակչի կողմից կատարված հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 25News

,

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են  գողության,  գողության փորձի, ինչպես նաև խոշոր չափերի կանեփի բույսեր աճեցնելու մի շարք դեպքեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քնչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիր գյուղի 32-ամյա բնակիչը, ուրիշի գույքի զգալի չափով հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով 24-ամյա համագյուղացու հետ, վերջինիս պատկանող ավտոմեքենայով 2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 03:00-05:00-ն ընկած ժամանակահատվածում, գնացել են նույն գյուղի բնակչին պատկանող հողամաս, փորձել հափշտակություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ աղմուկ լսելով՝ դիմել են փախուստի:

Բացի այդ, 32-ամյա տղամարդը, նույն գյուղում գտնվող իր տան հողամասում ապօրինի ցանել և աճացրել է 13 հատ կանեփի բույս, որոնք դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2021թ. մարտ ամսվա տարբեր օրերի, 32-ամյա տղամարդը մուտք է գործել գյուղում գտնվող մթերային խանութ, գյուղացիներից մեկին պատկանող տնամերձ հողամաս, կատարել հափշտակություններ՝ համագյուղացիներին պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  32-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/ և 273-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 24-ամյա համագյուղացուն՝   34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ՆՍ